Լրահոս

31.10.2012 13:31


Վարդան Օսկանյան. «Ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել»

Վարդան Օսկանյան. «Ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնական երկու հարց կա՝ երբ և ինչպես է ավարտվելու սիրիական այս մղձավանջը, և ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել:

Առաջին հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության հիմնական պատճառները:

 Իմ կարծիքով՝ դրանք երեքն են. ա) Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, բ) Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, գ) Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը: 

Հակամարտության սկզբից երկու տարի անց այս գործոնները էապես փոխվել են. ոչ միայն Արաբական գարնան մթնոլորտը չկա, այլև այն երկրներում, որտեղ իշխանափոխություն է եղել, կա որոշակի հիասթափություն: Սիրիայի ներսում բնակչության մեծամասնությունն արդեն սկսում է զգալ, որ շատ մեծ գին է վճարում իր նախաձեռնած փոփոխությունների համար, որոնք ինչ-որ տեղ չարաշահվում են այլոց կողմից: Իսկ արտաքին ուժերն արդեն կարծես եկել են այն եզրահանգման, որ այս ճանապարհով դժվար է լինելու Ասադի տապալումը: 

Ուստի այս իրավիճակը կարող է հույս տալ, թե հարցի հանգուցալուծումը կարող է մոտալուտ լինել: Բայց բարդությունն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Սիրիա այնպիսի ուժեր են թափանցել, որոնք անվերահսկելի են, և հարցի հանգուցալուծումն արդեն ինչ-որ տեղ կախված է նրանցից, քան միայն Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունից, իշխանությունների և ընդդիմության հակամարտությունից ու պայմանավորվածություններից: Ուստի այսօր շատ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպիսի ավարտ կունենա այս ամենը:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայերը Սիրիայի փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ազգային պետություն ունեն: Սիրիահայերը մասամբ զգացին պետության գոյությունը, երբ Հայաստանը պայմաններ ստեղծեց հայրենիքում հանգրվանել ցանկացող սիրիահայերի համար: Հայաստանում հնարավորության սահմաններում քայլեր են արվում` կրթական, հոգևոր, կեցության, մշակութային և տարբեր արտոնությունների առումներով թեթևացնելու նրանց հոգսերը:

Խնդիրը, սակայն, այն է, որ հայ համայնքի գերակշիռ մասը մնում է Սիրիայում, և օր օրի նրա գոյությունը առավել մեծ հարցականի տակ է: Ահավասիկ այստեղ է, որ Հայաստանը լուրջ անելիք ունի և պետք է արդեն գործի դրած լիներ իր դիվանագիտական լծակները՝ թեթևացնելու մեր հայրենակիցների վիճակը Սիրիայի ներսում: Ես չեմ զգում մեր ակտիվ կոնսուլտացիաները մի կողմից Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի հետ, մյուս կողմից՝ այս խնդրում ակտիվ ներգրավվածություն ունեցող մյուս կողմի երկրների հետ: Առայսօր չի երևում առնվազն ԱՄՆ-ի, Կատարի, Լիբանանի և Հորդանանի հետ մեր դիվանագիտության աշխատանքը: Լավ կլիներ, իհարկե, որ հարաբերությունները այս աստիճան փչացրած չլինեինք Թուրքիայի հետ, որպեսզի նրա հետ ևս կարողանայինք խոսել: Կարծում եմ՝ արտգործնախարարը պետք է հանդիպում ունենա ՄԱԿ-ի միջնորդական առաքելության ղեկավար Լախդար Իբրահիմիի հետ:

Այլ կերպ ասած՝ այսօր սիրիահայ համայնքի գոյությունն ու անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը»:

Այս խորագրի վերջին նյութերը