Լրահոս

31.10.2012 09:20


Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնության ղեկավարին` որպես Հայ Դատի մեծ պաշտպան

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեծարեց  Սենատի մեծամասնության ղեկավարին` որպես Հայ Դատի մեծ պաշտպան

Հոկտեմբերի 28-ին Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն և ամենահեղինակավոր՝ «Ազատության» մրցանակով:

 Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել`բացի մի քանի կողոսկրերի վնասվածքներից:

 Հանդիսության ժամանակ իմ ներածական խոսքում նշեցի, որ Հայ Դատի հանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայությունների և հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամյա աջակցության համար:

 Ես շեշտեցի, թե «մեծամասնության ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության ամենաբարձր օղակներում, հաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժեքները պաշտպանելու համար: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սենատի կողմից ներկայացված բոլոր բանաձևերը»:

 Հանդիսությանը սենատոր Ռիդի հարգելի բացակայության պատճառով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ընթերցեց սենատորի պատրաստած ելույթը և նրա անունից ընդունեց «Ազատության» մրցանակը: Ստորև ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելույթի կարևոր հատվածները.

  «Ցավում եմ, որ ավտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկո: Ես բարձր եմ գնահատում Հարութ Սասունյանին` լոբինգի բնագավառում նրա երկարամյա գործունեության համար, և ի վերջո, իր բարեկամության համար:

  «Անշուշտ, Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:

   «Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերությունը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դակեսյանից, մինչև իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենյակի հաճախորդ Քըրք Քըրքորյանը:

   «Ծնվելով Սըրչլայթ, Նեվադայում մի տան մեջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից և այլ ժամանակակից հարմարություններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունեին. հայրս չէր ավարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկությանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել:

  «Երկար տարիներ անցան, մինչև որ ես իսկապես ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկությունը՝ իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացա, դարձա ավելի լավ մարդ և ավելի լավ ամերիկացի:

  «Ուստի, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ինչ էլ լինեն ձեր կյանքի պայմանները` ընդունեք այն: Քանի որ Ամերիկայում դա կարևոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարևոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրոնը, ծնողների կրթությունը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք հաջողության հասնել: Կարճ ասած, հպարտ եղեք նրանով, թե ով եք դուք:

  «Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը և վերահաստատում եմ իմ աջակցությունն ամերիկահայ համայնքին:
  «Կրկնում եմ` Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին և ամերիկահայ համայնքին սատարելու գործում՝ նրանց  համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում:

  «Դուք հաջողության եք հասել Հայոց ցեղասպանության իսկական պատմությունը պետության ղեկավարների ուշադրությանն արժանացնելու գործում:

  «Որպես մեծամասնության ղեկավար, ես հազվադեպ եմ օրենսդրական ակտերի համահովանավոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանության պատմությունը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի երկարամյա համահովանավոր եմ եղել:

  «Որպեսզի առաջ գնանք, կարծում եմ՝ պետք է ընդունենք անցյալը, որքան էլ այն դժվար և ցավալի լինի: Պետք է հարգենք զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցենք վերապրողներին:

  «Ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Նեվադայի բարգավաճ և կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կավարտի նոր եկեղեցու շինարարությունը Լաս Վեգասում: Հայաստանում գտնվելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեցի Կաթողիկոսի հետ:

 «Հայկական համայնքի տոկունությունը և ուժը Նեվադայում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Նահանգներում, վկայություն է և պատիվ նրանց համար, ում կորցրել եք Ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանության նման դաժանությունների հանդեպ, որպեսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որևէ անկյունում»:

 Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «հարգել և հիշել այդքան բազմաթիվ զոհերի կորուստը՝ շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում»:

Սենատի մեծամասնության ղեկավարը նաև իր գոհունակությունը հայտնեց, որ «Օբամայի վարչակազմը և Կոնգրեսի մի շարք անդամներ խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինվորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակվել, չնայած որ դատապարտվել էր հայ զինվորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը»:

Սենատոր Ռիդն իր խոսքն ավարտեց կոչ անելով ամերիկահայությանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել եք և ձեր հայկական ժառանգությամբ»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաև գործարար Վարանդ Մելքոնյանին, պատվելի Հովսեփ Մաթոսյանին, դոկտ. Ռուբինա Փիրումյանին և գրող Քրիս Բոհջալյանին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը