Լրահոս

29.10.2012 13:22


Փրկարարները խրախուսվելու են

Փրկարարները խրախուսվելու են

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերին և մեր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։

Անդրադառնալով վերոնշյալ պատահարներին` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց.
- Ոչ միայն կիսակառույցի փլուզման և վերելակի հետ կապված դեպքերի, այլև Սյունիքի մարզում կայծակի հետևանքով ավտոմատ կանգնած «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորների տարհանման ժամանակ մեր փրկարարների օպերատիվ և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։ Փլուզման վայրում լինելով` անձամբ եմ տեսել նրանց հերոսական աշխատանքը և հանձնարարում եմ խրախուսման ներկայացնել նշված դեպքերի արձագանքմանը մասնակցող փրկարարներին։

Խորհրդակցությանը ՓԾ տնօրենը զեկուցեց նաև, որ նախապատրաստվում է Երևանում ուժեղ երկրաշարժի սցենարով մեծ ուսումնավարժանք, որը տեղի կունենա նոյեմբերի վերջին։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ Հայաստանում առաքելությամբ գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագիտական խմբի աշխատանքներին, ապա Ս. Ազարյանը նշեց, որ ԱԷՄԳ փորձագետների գնահատմամբ` Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի վթարի կամ դրա սպառնալիքի դեպքում արձագանքման լավ համակարգ և շեշտել են վերջին երկու տարիներին ԱԻՆ զգալի առաջընթացը։

ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, զեկուցելով շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին` հայտնեց, որ Սյունիքի մարզում աշխատանքներն ավարտելուց հետո մեր ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ սեյսմիկ աղմուկը գրանցող փորձնական կայաններ են տեղադրվել նաև հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Բավրա, Ստեփանավան)։ Փորձաշրջանից հետո` հաջորդ տարվա մարտին, դրանք կփոխարինվեն մշտական կայաններով։ Այնպես որ` ՍՊԱԾ համակարգի տեխնիկական վերազինումը մեծ թափով առաջ է գնում։

ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամփոփվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբի աշխատանքները, և մոտակա օրերին արդեն կհայտարարվի նրանց աշխատանքի ընդունելու մրցույթի մասին։
ՓԾ տնօրենի տեղակալը հայտնեց նաև, որ առաջարկություններ են մշակվում ՀՀ ԱԻՆ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Վերջերս Ինդոնեզիայում կայացած Ասիական 5-րդ նախարարական ԱՌՆ կոնֆերանսին ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնում էին փոխնախարար Հ. Մխիթարյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը։ Այնտեղ ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության (UNISDR) ԱՌՆ գլխավոր քարտուղարության մշտական ներկայացուցիչ Մարգարետա Վալսթորմի հետ հանդիպմանը ՀՀ ԱԻՆ ձեռքբերումների մասին պատմելուց հետո տիկին Վալսթրոմը մեծ ցանկություն է հայտնել այցելելու Հայաստան և անձամբ տեսնելու մեր նվաճումները։

Այս խորագրի վերջին նյութերը