Քաղաքական

26.10.2012 22:14


Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են Շարմազանովին

Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են Շարմազանովին

Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:

• Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել եք թուրքական կողմին:

• Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով /Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ/ Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:

Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։

Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնա եւ իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:

Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք:

ԱԺ պատգամավորներ`

Նաիրա Զոհրաբյան

Վահե Հովհաննիսյան

Խմբ. կողմից– ԲՀԿ–ում պետք է քիչ ուշադրություն դարձնեն Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների «հայրենասիրական» պոռթկումներին, քանզի բոլորին է հայտնի, թե հատկապես որ տեսակի մարդկանց վերջին հանգրվանն է «հայրենասիրությունը» և հետևաբար՝ չարժե ինքնադրսևորվելու շանս տալ «սերժանժդեհականներին»։

Ի դեպ, Սևրի դարդն անող ՀՀԿ–ականները եթե այդքան շատ են ծանր տանում մակուլատուրայի թղթի վերածված կոալիցիոն հուշագրի ու Սևրի զուգահեռները, ապա պետք  է որ անարգանքի սյունին գամեն իրենց կուսղեկավարին, ով շտապել է ինքնանվաստացման գնով Գյուլին շնորհավորել Թուրքիայի Հանրապետության տոնի առթիվ։ Եթե Շարմազանովի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Թուրքիայի հանրապետության օրը շնորհավորելով՝ ձեռքի հետ ուրանում ես նաև Սևրը, քանի որ Սևրի պայմանագրով Թուրքիան այսպիսի տարածքով հանրապետություն չէր լինելու կամ չէր լինելու Թուրքիայի Հանրապետություն ընդհանրապես։

Այս խորագրի վերջին նյութերը