Լրահոս

26.10.2012 19:43


ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի պատասխանը Կարեն Ավագյանին և Արմեն Աշոտյանին

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի պատասխանը Կարեն Ավագյանին և Արմեն Աշոտյանին

Հանրապետական երիտթեւականներ Արմեն Աշոտյանին եւ Կարեն Ավագյանին անասելի զարմացրել է, որ «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության գործիչները կարող են այս կամ այն հարցի վերաբերյալ, այդ թվում նաեւ՝ նախագահական ընտրությունների, ունենալ, եւ ավելին՝ հայտնել իրենց անձնական տեսակետը։ Աշոտյանի ու Ավագյանի զարմանքը իրապես անկեղծ է ու նաեւ հասկանալի։ Նրանք, որպես ՀՀԿ հնաբնակներ, երեւի թե իրենց մաշկի վրա են զգացել, որ իրենց հարազատ կուսակցությունում անձնական կարծիք ունենալը խստորեն արգելվում է։ Առավել եւս տաբու է՝ սեփական կարծիքը հայտնելը։  Կարծիք ունես՝ տանը, խոհանոցում հայտնի։ Ինչպես ժամանակին  պարզ դարձավ, անձնական կարծիք ունենալը ՀՀԿ-ում համարվում է ոհմակային դրսեւորում։ Այնտեղ բոլորը պետք է ունենան մեկ միասնական դիրքորոշում ու կարծիք, եւ բնավ էական չէ, որ այդ կարծիքը կարող է բոլորովին կապ չունենալ նրանցից եւ որեւէ մեկի անձնական, իմա՝  մասնավոր դիրքորոշման հետ։ ՀՀԿ-ում կա կարծիք ունենալու մենաշնորհ եւ մնացած բոլորի անձնական կարծիքները ենթակա են մեկ գերակա այդ կարծիքին։

Ի տարբերություն այլ կուսակցությունների, «Բարգավաճ Հայաստանը» բաց եւ լիբերալ կուսակցություն է եւ որտեղ այո, յուրաքանչյուր կուսակցական կարող է ցանկացած հարցի վերաբերյալ ունենալ իր անձնական դիրքորոշումը։ Ավելին, մեզանից որեւէ մեկը կաշկանդված չէ հայտնելու իր  մասնավոր տեսակետը, քանզի դա՛ է նաեւ ներկուսակցական ժողովրդավարության կարեւոր ցուցիչներից մեկը։ Եւ զարմանալի է, որ խիստ ժողովրդավար ԵԺԿ դիտորդ անդամ կուսակցության ներկայացուցիչներին պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ներկուսակցական ժողովրդավարություն։ Ինձ մնում է ընդամենը մաղթել, որ այլ կուսակցություններում եւս ներքին ժողովրդավարությունն այնպիսի աստիճանի լինի, որ ցանկացած ոք իրավունք ունենա հայտնելու եւ պաշտպանելու իր անձնական տեսակետը։  

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը