Լրահոս

26.10.2012 16:43


Բողոքի ցույց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ

Բողոքի ցույց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ

Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց գոյությանը վտանգ սպառնացող քաղաքացիների, հասարակական, քաղաքական միավորների հանդեպ քաղաքական հետապնդումների կիրառումը` ունեզրկումից մինչև ազատազրկում: 

Այսպես, նախորդ տարվա օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը. ընթացիկ տարվա հուլիսի 20-ին հրապարակված դատավճռով վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման: 

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վերոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը: 

Ու թեև դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ և դատապարտվել է իրավապշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, մի շարք քաղաքական կազմակերպությունների` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունների երիտասարդական թևերի, ինչպես նաև «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն այնուամենայնիվ շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում: 

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում` գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը, ելնելով իր հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ. 13:00  բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:  

Կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին:

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն

Էլ. փոստ` e-mail:[email protected],  Հեռ.` 055011215

Այս խորագրի վերջին նյութերը