Լրահոս

26.10.2012 09:56


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում

Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդարանում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկա էին համայնքային կառույցների, ավանդական կուսակցությունների ղեկավարներ և հոգեւոր առաջնորդներ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրանիկ նիստին հղած իր ուղերձում բարձր գնահատեց տեղական հանձնախմբի ձևավորման փաստը և վստահություն հայտնեց, որ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված պետական հանձնաժողովի համակարգման ներքո այն ԱՄՆ Արևելյան ափի նահանգներում հավուր պատշաճի կկատարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման իր առաքելությունը:

Տեղական հանձնախմբի նիստին ներկա էր և ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

Հանձնախմբի նախագահ Խորեն Բանդազյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ ներկայացնելով առաջիկա աշխատանքների տեսլականը՝ ինչպես կառույցի ձևավորման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման առումներով:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հարություն Կոջոյանը հանդես  եկավ աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով և մեկնաբանություններով:

Հանձնախմբի անդամները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնախմբի հաջորդ նիստն անցկացնել 2013թ. հունվարին:

Այս խորագրի վերջին նյութերը