Տնտեսական

25.10.2012 19:11


Վարդան Օսկանյան. «Մեր տնտեսության ներկա ծանր վիճակի հիմնական պատճառը կառավարության վարած քաղաքականությունն է»

Վարդան Օսկանյան. «Մեր տնտեսության ներկա ծանր վիճակի հիմնական պատճառը կառավարության վարած քաղաքականությունն է»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրանում է՝ մինչև 35000 դրամ: «Բարգավաճ Հայաստանը» բնականաբար չէր կարող կողմ լինել նման չնչին բարձրացմանը և ձեռնպահ քվեարկեց՝ ելնելով այն համոզմունքից, որ ամեն դեպքում պետք չէ խանգարել նույնիսկ այդ 2500 դրամի հավելմանը քաղաքացիների աշխատավարձին: Կառավարությունն իր հնգամյա ծրագրով խոստացել է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում։ Դժվար չէ հաշվարկել, թե նման չնչին տեմպերով շարժվելու դեպքում երբ կունենանք 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձ։

Այս հարցի քննարկմամբ և քվեարկությամբ մենք նորից առերեսվեցինք մի ցավալի իրականության, երբ կառավարությունը, հակառակ այն փաստին, որ նախորդ հինգ տարիներին վարած քաղաքականությունը եղել է անարդյունավետ, դեռևս որևէ ցանկություն չունի ինչ-որ փոփոխություններ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ: 

Սրա վկայությունը ոչ միայն նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով ավելացնելու փորձն էր, այլ նաև այն, որ վերջերս կառավարությունը լրջորեն քննարկում է հարկային օրենքում հնարավոր փոփոխությունները և եկամտահարկը 20 տոկոսից 30 տոկոս բարձրացնելու հնարավորությունը: Դրան գումարվում է նաև ԲՀԿ-ի, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների մերժումը: Այդ նախաձեռնություններն այնպիսին էին, որ էապես կնպաստեին տնտեսության խթանմանը:

Ես շարունակում եմ պնդել, որ մեր տնտեսության ներկա ծանր վիճակի հիմնական պատճառը կառավարության վարած քաղաքականությունն է: 

Նախ, կառավարությունը պետք է հրաժարվի առայսօր իր ընտրած առաջնային թիրախներից՝ ամեն գնով սղաճի զսպումից և բյուջեի իրականացումից, և դրա փոխարեն գլխավոր թիրախ դարձնի տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը և կենսամակարդակի բարձրացումը:

Երկրորդ, կառավարությունը իր ֆինանսական միջոցները պետք է ուղղի ոչ թե տնտեսության առաջարկի մասի խթանմանը, այլ՝ պահանջարկի, որի պարագայում միայն հնարավոր կլինի նպաստել տնտեսական աճին: 

Երրորդ, այսօր տնտեսության վիճակը ենթադրում է կառավարության կողմից ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, այլ ոչ թե զսպողական, որը կառավարությունը՝ որոշ բացառություններով, իրականացրել է նախորդ տարիներին: 

Վերջապես, ժամանակն է, հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով վերջերս առավել բաց հնչած քննադատությունները, որ կառավարությունը վճռականություն ցուցաբերի և իրականացնի տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար այդքան անհրաժեշտ խորքային բարեփոխումները, առաջին հերթին՝ հարկային վարչարարության ոլորտում:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Կարծում եմ՝ տնտեսական քաղաքականությունում մտածողության, ապա՝ կոնկրետ քաղաքականության շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը և երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա»:

Այս խորագրի վերջին նյութերը