Լրահոս

25.10.2012 13:50


Պահանջում են պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարարին և ղեկավար կազմին

Պահանջում են պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարարին և ղեկավար կազմին

Հայտարարություն 

Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության եւ ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի, դրանք են՝

1) հանքարդյունաբերություն (Սոթք, Հրազդան, Աբովյան, Հանքավան, Թեղուտ, Ամուլսար, Քաջարան, Սվարանց եւ այլն)

2) Սևանա լիճ (լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, կենսաբազմազանության խաթարում և այլն)

3) օդի աղտոտում (Երևան, Ալավերդի, Արարատ և այլն)

4) «օրինական» կամ անօրինական անտառահատումներ

5) փոքր ՀԷԿ-երի կառուցում բոլոր հնարավոր և անհնար վայրերում` բնության հաշվին

6) գետերի և ջրանցքների աղտոտում (աղետալի վիճակ բոլոր բնակավայրերի կոյուղու ցանցերում)

7) կոշտ կենցաղային թափոնների անկանոն կառավարում (հանրապետությունում չկա գոնե մեկ սանիտարական նորմերին համապատասխանող աղբավայր, բացակայում է կանոնավոր թափոնավերամշակումը)

8) հողերի բերրի շերտի վնասում, ոչնչացում, աղտոտում և անապատացում (հանրապետության տարածքի 80%-ը ենթարկված է անապատացման)

9) բնապահպանության նախարարության աշխատողների ցածր մասնագիտական պատրաստվածություն և զանգվածային անպատասխանատվություն,

10) պատշաճ կառավարման և վերահսկողության բացակայություն բնապահպանության նախարարության ողջ համակարգում,

11) որակյալ կադրերի անհիմն աշխատանքից հեռացում ու սիրողական մակարդակի նոր աշխատողներով համալրում:

Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն հաշվի առնելով առկա ճգնաժամային իրավիճակը՝ չի կարող երկար այսպես շարունակվել: 

Փաստորեն, ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարար Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տապալել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման պետական քաղաքականության իրականացումը: Մեր կարծիքով՝ կամ բնապահպանության նախարարն ի վիճակի չէ իրականացնելու իր գործառույթներն ու պարտականությունները, կամ նա իր աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին հանցավոր համաձայնության մեջ է գտնվում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի սեփականության հաշվին: 

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրներից է` կանխարգելել և նվազեցնել ՀՀ շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունները, իրականացնել բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականությունը, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների: 

Ավելին, առանձնահատուկ կերպով ընդգծում ենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության` ՀՀ բնապահպանության նախարարը պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման և տիրող իրավիճակի համար: Շրջակա միջավայրի պահպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք իրականացման և առանձնացված գործառույթների համար պատասխանատու է նաև Բնապահպանության նախարարության աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի ղեկավարությամբ: Իսկ լիազորությունների չկատարման պատճառով պետությանը հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման, և պատասխանատու պաշտոնյայի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պառճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար: 

Գաղտնիք չէ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր գերատեսչությունների հետ միասին բնապահպանական լուրջ խնդիրների ու խախտումների վերաբերյալ հիմնականում տեղեկանում է մեր նախաձեռնությունների կողմից բարձրաձայնելու, ինչպես նաև մամուլի հրապարակումների արդյունքում, ինչը նշանակում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, իր աշխատակազմով հանդերձ, և բնապահպանական վերահսկողություն իրականացնող տեսչությունը  չեն կատարում օրենքով իրենց վրա դրված գործառույթներն ու պարտավորությունները և չեն տիրապետում իրավիճակին, ինչը թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նրանք բոլորը ցուցաբերում են հանցավոր անգործություն և/կամ փորձում են կոծկել տիրող իրավիճակը:

ՀՀ Բնապահպանության նախարարության համար պետք է գերակա լինի պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը և շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումը` ի հաշիվ բնության:

Սակայն`ՀՀ բնապահպանության նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում էր հետևյալ կերպ` «բարելավել ՀՀ բիզնես միջավայրը»: Ինչևէ, հասարակական ճնշման արդյունքում այդ օրենքը ՀՀ նախագահի կողմից չվավերացվեց, այնուամենայնիվ, մեզ մոտ կարծիք ձևավորեց, որ  ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ա. Հարությունյանի, չի գիտակցում իր հիմնական գործառույթները: 

Միայն 2011թ. «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը կատարել է շուրջ 100 նախագծի փորձաքննություն և բոլորին տրամադրել է դրական եզրակացություններ: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՓՀԷԿ-երին եզրակացություններ տրամադրող փորձագետների կողմից դե ֆակտո չի իրականացվում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի փորձաքննություն, առհասարակ չի իրականացվում տեղազննություն, բազմակողմանի ուսումնասիրության չի ենթարկվում մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված աշխատանքային նախագծերում տվյալների հավաստիությունը, ակնհայտ կեղծ և ոչ հավաստի տվյալներով լեցուն նախագծերը ստանում են դրական եզրակացություններ: 

ՀՀ բնապահպանության նախարարության «փորձագետները» դրական եզրակացություններ են տալիս նաև այնպիսի հրեշավոր ծրագրերի համար, որոնք ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրության պահանջները, այլև Հայաստանի համար առաջացնում են ազգային անվտանգության խնդիրներ: Այդպիսի ծրագիր է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, ըստ որի Սևանի ավազանում առաջարկվում է իրականացնել ոսկու հանքանյութի կույտային տարրալվացում նատրիումի ցիանիդով: Օրինակները բազմաթիվ են, որոնց պարբերաբար մենք անդրադառնում ենք և բարձրաձայնում զանգվածային լրատվության միջոցով, հետևաբար դրանցից մի քանիսը ներկայացնում ենք կից տեղեկանքում: 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կից տեղեկանք-հիմնավորումը՝ մենք` ներքոհիշյալ նախաձեռնություններս, ՀՀ վարչապետի փոխարեն` 

1) ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, համաձայն ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2011թ. իրականացրած բացահայտումների և ներկայացված հաշվետվության, քայլեր ձեռնարկել ՀՀ բնապահպանության նախարարին, նախարարության աշխատակազմի ղեկավարին, կառուցվածքային ստորաբաժանումների և վարչությունների պետերին՝ իրենց հանցավոր անգործության և չարաշահումների համար քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: 

2)  ՀՀ Վարչապետից պահանջում ենք, օգտվել ՀՀ սահմանադրությամբ ՀՀ վարչապետին տրված լիազորությունից, որպես վերադաս մարմին վերջապես պատասխանատվության կանչել ՀՀ բնապահպանության նախարարին և բոլոր այն պաշտոնատար անձանց, ում մեղքով ու հանցավոր անգործության պատճառով տուժել է բնությունը և պետությանը հասցվել է զգալի վնաս: Միևնույն ժամանակ, քննարկել ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: 

Չնայած մենք գտնում ենք նաև, որ ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ևս պատասխանատու է ՀՀ բնապահպանության նախարարության գործողությունների ու անգործության համար, ինչպես նաև բնապահպանական քաղաքականության մշակման ծրագրերի անկատարության համար, բայց այնուամենայնիվ ՀՀ վարչապետից պահանջում ենք քննարկման առարկա դարձնել մեր սույն հայտարարությունն ու կից տեղեկանք-հիմնավորումը և սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել բնապահպանության ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ և կատարել համակարգային, հիմնարար փոփոխություններ`թե օրենսդրական, թե գործնական առումով: 

Գտնում ենք նաև, որ մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա շահագործվի և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի, այլ ունենա երկարատև ու բանական տնտեսական զարգացում: Այսպիսով՝ ակնկալում ենք գործուն և կտրուկ քայլեր, այլ ոչ թե իմիտացիոն բնույթի միջոցառումներ, որոնք շատ հաճախ իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից: 

---------------------------------------------------------------------------------------------------------------

Տեղեկանք-հիմնավորում 

1)  2012թ. սեպտեմբերի 18-ին մեր նախաձեռնությունների անդամները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել էին խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ: Նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են: Բացի այդ, որոշ ինտերնետային կայք-էջերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ արգելոցում  եւ Հայաստանի այլ վայրերում կազմակերպված հանցավոր խմբերի կողմից տարիներ շարունակ իրականացվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս, ինչը քրեորեն հետապնդելի արարք է և առաջացնում է քրեական պատասխանատվություն ոչ միայն կատարողների, այլև նրանց հետ ակնհայտորեն հանցավոր համագործակցության մեջ գտնվող պաշտոնյաների համար:

Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, փաստ է: Դա թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ որսագողությունը կատարվել և շարունակվում է կատարվել թե´ ՀՀ բնապահպանության նախարարության, և թե´ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ կամ անմիջական մասնակցությամբ և թողտվությամբ: Մեր կարծիքով, պետական արգելոցի տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, պաշտոնից ազատելը և այլն, հարցին լուծում չի տալիս, քանի որ այս ամենի գլխավոր պատասխանատուն մնում է միայն ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմ ՀՀ բնապահպանության նախարարի. կամ վերջինս ի վիճակի չէ իր վրա դրված գործառույթներն իրականացնելու, կամ այս ամենը կատարվում է նրա գիտությամբ և թողտվությամբ:

2) Հայաստանում վերջին տարիներին մասնավոր ընկերությունների տրամադրվել է մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ` չունենալով և չկիրառելով դրանց էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասակար ազդեցութունը գնահատելու մեթոդաբանություն: Այս գործընթացն իրականացվում է ակնհայտ կոռուպցիոն հանգամանքների ուղեկցությամբ, արդյունքում շահարկվում է վերականգնվող էներգետիկ ռազմավարության գաղափարը, ինչն ինքնին կարևոր է, սակայն համայնքներին ու շրջակա միջավայրին պատճառվում է տնտեսական եւ բնապահպանական վնաս, իսկ մի շարք «բիզնեսմեն» պաշտոնյաներ շահում են` ի հաշիվ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար Հայաստանին տրամադրված ցածր տոկոս վարկերի:

Դրա վառ օինակներից է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող փոքր ՀԷԿ կառուցման աշխատանքային նախագիծը: Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով: Այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերն իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով: Մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում չորս փոքր ՀԷԿ-երի կառուցումը, ինչը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների: Գետահովիտ համայնքի բնակիչներն արդեն զգացել են առաջին փոքր ՀԷԿ-ի բացասական ազդեցությունը. հսկայական խողովակների անցկացման ընթացքում հատվել են լանջերը, որի հետևանքով առաջացել են սողանքներ և փլվածքներ, զգալի պակասել են խմելու ջրի պաշարները, փոքր ՀԷԿ-ի գործարկման հատվածում ոչնչացվել է գետի էնդեմիկ համակարգը:

Երկրորդ ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում գտնվում է 2 արգելավայր` Իջևանի և Արջատխլենու, որոնց մասին ընդհանրապես նշված չէ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծում: Զարմանալիորեն այդ մասին ոչինչ նշված չէ նաև «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ: Բնապահպանական փորձաքննություն իրականացնող պետական լիազոր այս մարմինը նույնիսկ չի էլ փորձել պարզելու արդյոք այդ կառուցվելիք փոքր ՀԷԿ-ը և 2,8 կմ երկարությամբ խողովակաշարը այդ արգելավայրերի տարածքում են, թե նրանց բուֆերային գոտում, թե` ոչ: Մեր խորին համոզմամբ դրանք գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում, որտեղ ըստ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի արգելվում է արգելավայրի էկոլոգիական համակարգերին եւ դրանց բնականոն զարգացմանը վնասող ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:

Սույն աշխատանքային նախագծում նշվում է, որ «շինարարության ժամանակ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ խողովակաշարն անցնում է ավտոճանապարհին զուգահեռ»: Սա ակնհայտ սուտ տեղեկատվություն է, քանի որ հովիտի այն մասը, որտեղով անցնելու է խողովակաշարը, անտառապատ է և դժվարանցանելի նույնիսկ մարդու համար, ոչ մի ավտոճանապարհ չկա, իսկ ծանր տեխնիկայի անցկացման ժամանակ անխուսափելի են ծառահատումները` ինչի ականատեսը եղանք մենք: Նշյալ հատվածը նաև ակտիվ սողանքային գոտի է և ակնհայտ է, որ լանջերի և ծառերի հատման պատճառով դրանք կակտիվանան և կբերեն անկանխատեսելի հետևանքների:

Բացի այդ, նախագծում կենսաբազմազանության վրա ազդեցության մասին ոչ մի խոսք չկա, այն դեպքում, երբ Գետահովիտի բնակիչները նշում են, որ «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի կառուցումից հետո Պաղջուր գետում ձկները արդեն վերացել են: Անտառապատ հովիտը մոտ 3 կմ փաստացի ջրազրկելը ժամանակի ընթացքում կբերի միկրոկլիմայի փոփոխման, խոնավության նվազման, ինչն էլ կբերի ծառերի չորացման և անտառապատ տարածքի արհեստական ոչընչացման: Այդ հատվածում է ձևավորվում նաև Գետահովիտ համայնքի խմելու ջրի ավազանը, ինչի մասին ևս նշված և հետազոտված չէ նախագծում: Եթե հաշվի առնենք, որ բնապահպանական նվազագույն ելքը թույլատրված է 0,08 խմ/վրկ, ապա պարզ է դառնում, որ ստորերկրյա ջրերի սնուցումը բացառվում է, ինչը բերելու է խմելու ջրի պաշարների կտրուկ նվազնան կամ ընդհանրապես անհետացման:

3) Սույն բնապահպանության նախարարի ճակատի խարանն է հանդիսանում Ջերմուկ քաղաքին հարակից, Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործելու նախագծի ՇՄԱԳ-ին տրված դրական փորձաքննական եզրակացությունը: Հարկ ենք համարում նշել, որ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը տվյալ նախագծին տվել է բացասական եզրակացություն, բազմաթիվ այլ մասնագետներ արտահայտել են իրենց հիմնավորված մտահոգությունները նախագծի աղետաբերության կապակցությամբ, սակայն դա որևէ կերպ ազդեցություն չի ունեցել նախարարի եւ նրա փորձագետների վրա: Դրական եզրակացություն է տրվել նաև նատրիումի ցիանիդով ոսկու կորզման կույտային տարալվացման ծրագրին, առանց մասնագիտական հասարակական լսումներ անցկացնելու, որը իրականացվելու է Որոտան գետի ափին` Սպանդարյանի ջրամաբրից 1,2 կմ հեռավորության վրա: Փաստորեն Սևանի ջրահավաք ավազանում թույլատրվում է շահագործել ոսկու վերամշակման ձեռնարկություն` ինչն ուղղակիորեն և անվերապահ կարգով արգելված է «Սևանա լճի մասին» օրենքով:

Ծրագրի ազդեցության տարածքում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանի, այստեղով են անցնում Կարմիր գրքում գրանցված մի քանի կենդանիների միգրացիոն ուղիներ: «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը», իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Վերը թվարկված նախագծերի քննարկման գործընթացում խախտված են ոչ միայն Օրհուսի կոնվենցիայի պահանջները, այլ նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածների պահանջները:

 Ցանկանում ենք հատուկ նշել, որ ընդհատվել են ՀՀ կառավարության 26.12. 2002թ. N 54 արձանագրային որոշմամբ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրում ներառված Ջերմուկ ազգային պարկի պլանավորման աշխատանքները: Այդ ուղղությամբ քարտեզագրման և այլ աշխատանքներ կատարվել են ընդհուպ մինչև 2008 թվականը, որից հետո դրանք ընդհատվել են: Բնապահպանության նախարարությունը Ջերմուկ ազգային պարկ պլանավորելու նախագիծը ազգային զեկույցներում շարունակաբար ներկայացրել է որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կատարման ուղղությամբ առաջընթաց, մինչդեռ փաստացի հակառակ գործընթացն է գնացել, ազգային պարկի պլանավորվող տարածքներում հանքարդյունաբերական գործունեության համար նախարարությունը տվել է դրական եզրակացություններ: 

4) ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրել է 33 հայց` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի և (կամ) կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հողահատկացումների գործընթացում առկա են մի շարք ապօրինություններ, կեղծիքներ: Արձանագրված չարաշահումների հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 27.06.2012թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձանց` ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի երկու պաշտոնատար անձանց, մեղադրանք է առաջադրվել` պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջոցներ է ձեռնարկում` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

 «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված 33 հայցերից 28-ը ներկայացվել է ապօրինի հողահատկացումների մասին պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով, 3 հայց ներկայացվել է` հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա զբաղեցրած տարածքները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին վերադարձնելու, իսկ 2 հայց` հողամասի վարձակալության մասին պայմանագրերը դադարացնելու և տարածքն ազգային պարկին վերադարձնելու պահանջով: 

5) ՀՀ վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությամբ ՀՀ վերահսկիչ պալատն արձանագրել և բացահայտել է հետևյալը՝

«2.7.  Արտադրության և սպառման վտանգավոր թափոններ, ընդերքի տրամադրում և օգտագործման ոլորտում.

Տվյալ ոլորտներում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվել են բազմաբնույթ խախտումներ և թերություններ.

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել վտանգավոր թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահանջների պահպանման նկատմամբ:

Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը  չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր և դրանք չեն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն համաձայնեցման:

Կոմունալ սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից վտանգավոր թափոնների փոխադրումը և տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների:

Հարստացուցիչ ձեռնարկությունների հաշվետվություններում թափոնները ներկայացվում են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվում: Արդյունքում, որևէ բնապահպանական վճար չի վճարվում, իսկ ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից միջոցներ չեն ձեռնարկվում այդ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար»:

6) Բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը վտանգի տակ էր. ՀՀ բնապահպանության նախարարությունը «Ռոբշին» ՍՊԸ-ը տրամադրվել էր ջրի օգտագործման թույլտվություն և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն` առանց ջրվեժի գոյության մասին նշելու: Միայն հանրության հետևողական պայքարի արդյունքում այդ անօրինական գործընթացը դադարեցվեց:Մեկ տարի է անցել, բայց ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռևս չի հաստատել և հրապարակել Թռչկան ջրվեժի անձնագիրը: Բացի այդ, մինչև օրս հայտնի չեն բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտիների սահմանազատման և քարտեզագրման 2010-12թթ. կառավարության ծրագրի արդյունքները: Հատուկ ընդգծում ենք, որ միայն Լոռու և Տավուշի մարզերի տա­րածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատ­ված ցանկի համալրման, պահպանական գոտիների տարածք­­­ների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտե­զագրման աշխատանքների համար ՀՀ պետբյուջեից 2012թ. հատկացվել է 10 մլն դրամ: 

7) ՀՀ Բնապահպանության նախարարությունում առկա են կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնցից հղում ենք կատարում մամուլում բարձրաձայնված միայն մեկ դեպքին (http://hetq.am/arm/articles/9099/ ), սակայն ակնկալում ենք, որ դատախազությունը կբացահայտի պաշտոնեկան դիրքի բոլոր չարաշահումները և պետությանը հասցված վնասի բոլոր դեպքերը: ՀՀ կառավարությունը 2010 թ. երկրորդ եռամսյակում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների համար հատկացրել է 32 մլն դրամ, որն էլ հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, նախագծային աշխատանքներն իրականացնելու թույլտվություն է տրամադրել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին, սակայն շինարարական աշխատանքները փաստացի իրականացրել է  «Նաիրիշին» ԲԲԸ-ն: «Նաիրիշին» եւ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ների բաժնեմասերի հիմնական փաթեթը պատկանում է Ա. Հարությունյանին: 

8) Մենք անընդունելի ենք համարում ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի և/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության փոփոխման վրա: Վերը թվարկված դեպքերը ևս մեկ անգամ վկայում են, որ ՀՀ բնախահպանության նախարարության կողմից բնապահպանական փորձաքննություններ իրականում չեն կատարվում, իսկ հասարակական և մասնագիտական լսումները տեղի չեն ունենում կամ էլ մեծամասամբ կրում են ձևական բնույթ. ՀՀ բնապահպանության նախարարության և «Բնապահպանական փորձաագիտական» ՊՈԱԿ-ի տնօրենն ու իր աշխատակազմի փորձագետները գործում են ոչ պրոֆեսիոնալ` նրանք իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով ոչնչացման եզրին են կանգնեցրել Հայաստանի բնաշխարհը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարը հաստատում է դիլետանտիզմի աստիճան թերի կատարված փորձաքննական եզրակացությունները: 

Գտնում ենք, որ մեր կողմից թվարկված սույն խախտումները լիովին բավարար են վերոնշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու և պաշտոնից հեռացնելու համար: 

Հ. Գ. Օրինակները բազմաթիվ են, սույն տեղեկանք-հիմնավորումը չծանրաբեռնելու համար դրանք չենք ներառել:

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

«Խոսրովի արգելոց» քաղացիական նախաձեռնություն

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնություն

25.10.2012թ.

Այս խորագրի վերջին նյութերը