Լրահոս

25.10.2012 12:17


Պատգամավոր Նովոյի որդին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

Պատգամավոր Նովոյի որդին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (հայտնի է որպես Նովո) որդին` Արտակ Գևորգյանը, դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ Արտակ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝  ժամը 03:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում Արտակ Գևորգյանը Պատվական Հարությունյանին պատկանող «Գազ-24» մակնիշի 62 ՍՏ 736 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել, երբ նրա ծանոթներից Վիրապ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին, «Վազ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 համարանիշի ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է պատգամավորի որդու վարած ավտոմեքենան։ Ըստ գործի նյութերի՝ Արտակ Գևորգյանն իջնելով ավտոմեքենայից, Վիրապ Ասեյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի, տիրացել է նրա «Վազ-2106» մակնիշի 13 ԼՏ 896 պետհամարանիշի ավտոմեքենային և այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում։

Կատարած արարքի համար Արտակ Գևորգյանին առաջադրվել էր մեղադրանք` ՀՀ քր. օր-ի 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` «Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Նա իրեն առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր է ճանաչել և դատարանից խնդրել իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ։

Այս խորագրի վերջին նյութերը