Լրահոս

25.10.2012 11:23


Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Գվատեմալայում

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Գվատեմալայում

Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ  արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել և, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու-Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր արդեն ողջունել Էդվարդ Նալբանդյանին Գվատեմալա քաղաքում և առարկայական քննարկում ունենալ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով ձեռնարկվելիք գործնական քայլերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ վստահ է, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջև թե քաղաքական, թե տնտեսական և թե մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրան կնպաստի նաև համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում: 

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:

Նախարար Կաբայերոսը ներկայացրեց Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկեցին միջազգային օրակարգի այժմեական հարցերը:

Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Հոկտեմբերի 24-ին Էդվարդ Նալբանդյանը հանիդպեց նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա: 

Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները: 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

Էդվարդ Նալբանդյանը այցելության շրջանակներում ծավալուն հարցազրույց տվեց Գվատեմալայի «Նոտիսյետե» հեռուստատեսությանը:

Այս խորագրի վերջին նյութերը