Լրահոս

25.10.2012 10:15


Ահմադինեժադին մեղադրում են երկրի սահմանադրությունը չիմանալու համար

Ահմադինեժադին մեղադրում են երկրի սահմանադրությունը չիմանալու համար

Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլա Սադեկ Լարիջանին չորեքշաբթի հաստատել է որոշումը, որով երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին արգելվում է մուտք գործել այն բանտը, որտեղ գտնվում է նախագահի խորհրդական և իրանական IRNA գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավաֆեքարը:

Հիշեցնենք, որ կիրակի Իրանի գլխավոր դատախազ Գոլյամհոսեյն Մոխսենի Էժեին հայտարարել էր, որ դատական իշխանություններն Ահմադինեժադին արգելել են այցելել մայրաքաղաքի Էվին արվարձանում գտնվող կալանավայր՝ բացատրելով, թե երկրում տնտեսական ճգնաժամ է, և նման  այցը նպատակահարմար չէ։ Թե ինչպես է տնտեսական ճգնաժամը կապվել բանտ այցելելու հետ, առնվազն տարակուսանք է առաջացնում։

Նշենք, որ այդ արգելքին ի պատասխան՝ Իրանի նախագահը երկուշաբթի նամակ էր գրել Լարիջանիին՝ նշելով, որ սահմանադրության համաձայն՝ նախագահն իր օրինական պարտականությունների կատարման ընթացքում որևէ նպատակի համար չպետք է թույլտվություն խնդրի դատական իշխանություններից: Լարիջանին, իր հերթին, ևս առանց մեկնաբանության չի թողել երկրի նախագահի հայտարարությունը:

«Նամակը իշխանության երեք թևերի պարտականությունների և պատասխանատվության ոլորտները ոչ հստակ հասկանալու հետևանք է»,–նշել է Իրանի դատական իշխանության ղեկավարը, ով նաև ավելացրել է, որ Ահմադինեժադի հայտարարությունը այն մասին, թե նախագահն իրավունք ունի բանտեր այցելել առանց համապատասխան իշխանության թույլտվության, հակասահմանադրական է:

Հիշեցնենք, որ վեցամսյա ազատազրկման դատապարտված նախագահի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքարը  նման դատավճռի է արժանացել «գերագույն առաջնորդ Ալի Համենեիին վիրավորելու համար»: Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե երբ է խորհրդականը վիրավորել Իրանի գերագույն առաջնորդին:

Այս խորագրի վերջին նյութերը