Լրահոս

24.10.2012 14:52


Նաիրա Զոհրաբյան. «Կառավարության ներկայացրած առաջարկը զավեշտ է ՀՀ քաղաքացիների հասցեին»

Նաիրա Զոհրաբյան. «Կառավարության ներկայացրած առաջարկը զավեշտ է ՀՀ քաղաքացիների հասցեին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր խորհրդարանում նվազագույն ամսական աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ այն համահունչ է ա՛յս կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներին, ու իրենց համար զարմանալի չէ, որ ա՛յս կառավարությունը նման նախագիծ է ներկայացրել։

Նվազագույն աշխատավարձը առնվազն պետք է ապահովի այն նվազագույն կարիքները, որ ՀՀ քաղաքացիները կարողանան արժանապատիվ ապրել: Այսօր այդ թիվը և այն առաջարկը, որը ներկայացվում է կառավարության կողմից, առնվազն զավեշտ է ՀՀ քաղաքացիների հասցեին։ Գնաճը խայտառակ է, ինչի հետ չի համաձայնում կառավարության ներկայացուցիչը։ Միգուցե մենք ապրում ենք տարբեր իրականություններում։ Մնում է պարզել, թե մեզանից ո՞վ է ապրում իրական իրականությունում և ով՝ վիրտուալ Հայաստանում։ Վստահ եմ, որ մե՛նք ապրում ենք իրական իրականությունում։ Ամեն օր նվազագույն կենսաապահովման առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են,–ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։ 

Նա նաև մեջբերել է կառավարության պատճառաբանությունը, որ ֆինանսական հնարավորությունները ընդամենը 2500 դրամով են թույլ տալիս բարձրացնել նվազագույն աշխատավարձը, և հարց հնչեցրել՝ բա ինչո՞ւ են ձեր հնարավորություններն այդքան, բա 7% տնտեսական աճի մասին եք խոսում։

Այդուհանդերձ, ԲՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ թեև իրենք դեմ են կառավարության այս օրինագծին, բայց միաժամանակ կանգնել են բարոյական երկընտրանքի առջև, քանի որ ՀՀ–ում կան բազմաթիվ մարդիկ, որոնց համար այդ 2500 դրամն էլ է հացի փող։ Հետևաբար, ԲՀԿ–ն դեռ կորոշի, թե ինչպես քվեարկի այս օրինագծին։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը