Լրահոս

23.10.2012 19:33


Գագիկ Ջհանգիրյան. «Իշխող կոալիցիան հնարավորություն ունի քավելու իր մեղքերը»

Գագիկ Ջհանգիրյան. «Իշխող կոալիցիան հնարավորություն ունի քավելու իր մեղքերը»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ելույթն ԱԺ ամբիոնց։
Մարդու իրավունքների դատարանում իրենց հերթին են սպասում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի մոտ հազար գանգատներ: 

Վերջերս հաճախ ենք տեղեկանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումների մասին, որոնցով ճանաչվում են մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման փաստերը եւ Հայաստանին պարտավորեցնում նրանց տասնյակ հազարավոր դոլարներ փոխհատուցել: Ահավասիկ, վերջինը՝ Բյուզանդի փողոցի սեփականատերերի իրավունքների ոտնահարման փաստերի ճանաչումն էր:

Նկատենք, որ Մարդու իրավունքների դատարանում իրենց հերթին են սպասում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի մոտ հազար գանգատներ: Գաղտնիք չէ,որ բողոքարկված դատական ակտերի մի ստվար հատված վերաբերում են այնպիսի գործերի,որոնք ակնհայտորեն քաղաքական պատվերի ու հարկադրանքի արդյունք են: Չթերագնահատելով դրանցից եւ ոչ մեկը,ցանկանում եմ կանգ առնել Մարտի 1-ի գործերով ապօրինի կալանված ու դատապարտված անձանց գանգատների խնդրի վրա: Դրանցից 5-6-ով Եվրոպական դատարանը արդեն Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ ու բացատրություններ է պահանջել: Վստահ եմ, որ միայն այս խմբի անձանց բողոքներից բավարարվածները առնվազն երկու-երեք տասնյակ են լինելու:

Եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ քաղաքացու այս կամ այն իրավունքի խախտման փաստը ճանաչելով եւ փոխհատուցում վճարելով, խնդիրը չի ավարտվում: Ես կասեի դրանով սկսվում է նախադեպային այդ որոշումների երկրորդ, առավել երկարատեւ կյանքը: Դրանք մտնում են Եվրոպական իրավական շրջանառության ոլորտ,վկայակոչվում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներպետական օրենսդրության կիրառման ընթացքում, ցիտվում են նաեւ Խորհրդի անդամ երկրների քաղաքացիների կողմից Մարդու իրավունքների դատարան ուղղվող գանգատներում: Այնպես որ, հարցի նյութական, ֆինանսական կողմը, որքան էլ կարեւոր, այնուամենայնիվ տասներորդական է, եթե խնդիրը դիտարկում ենք Հայաստան պետության հեղինակության ու միջազգային վարկի տեսանկյունից։ Մինչ ԵԽԽՎ N-1900 բանաձեւի ընդունումը, Եվրոպական չինովնիկները հրաժարվում էին «Մարտի 1-ի գործերով» կալանված ու դատապարտված անձանց ճանաչել քաղբանտարկյալներ, իսկ մեր իշխանությունների համար մենք անխտիր քրեական հանցագործներ էինք: Բանաձեւի ընդունմամբ ակնհայտ է, որ մեզ վրա լիովին տարածվում են բանաձեւում վկայակոչված բոլոր հինգ չափորոշիչները: Ասվածը վերաբերում է նաեւ, ու նախ եւ առաջ,ն ախորդ գումարման, ԱԺ-ի Ձեր չորս գործընկեր – պատգամավորներին:

Հիշատակված բանաձեւում. Վեհաժողովը հրավիրում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին՝ վերագնահատել բոլոր հավանական քաղաքական բանտարկյալների գործերը կամ վերսկսել նրանց վերաբերյալ վարույթները:

Կարծում եմ, որ իշխող կոալիցիան, թեկուզ հետին թվով, հնարավորություն ունի քավելու իր գործընկերների վերաբերյալ չպատճառաբանված, քաղաքական քվեարկության իրավական ու բարոյական մեղքերը։ Հանձնարարեք Ձեր «անկախ» դատարաններին եւ «միայն օրենքին ենթարկվող» գլխավոր դատախազին՝ բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը,ինչով Հայաստան պետությանն ու նրա դատական մարմիններին հնարավորություն կտաք խուսափել հավելյալ վարկաբեկումից:

Այս խորագրի վերջին նյութերը