Լրահոս

23.10.2012 18:49


ԲՀԿ–ական պատգամավոր. «Մեր երկիրը հիբրիդային պետությունների՝ Նիգերիայի և Բուռունդիայի շարքին է դասվում»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Մեր երկիրը հիբրիդային պետությունների՝  Նիգերիայի և Բուռունդիայի շարքին է դասվում»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին նշել է, որ ժողովրդավարական երկիր կառուցելը դժվար և երկարատև գործընթաց է, որին հարկավոր է վերաբերել մեծ պատասխանատվությամբ   և ունենալ հստակ պատկերացումներ,  թե մեր  երկիրը ժողովրդավարական ո՞ր մոդելն է կիրառում՝ որը տանում է իրական ժողովրդավարությա՞ն, թե՞ ստեղծում է դրա իմիտացիան:

–Ժողովրդավարական   բոլոր ինստիտուտներում ակնհայտ   է մեկ սկզբունք` դա  արդարության չափորոշիչն է: Արդարությունը պետք է  գերիշխի ժողովրդավարական, սոցիալական, քաղաքական, իրավական, պետական և մնացած բոլոր համակարգերում: Անթույլատրելի է, երբ համաշխարհային մամուլը սկսել է բացասական  խոսել  Հայաստանի  մասին, ինչին օրեր առաջ ականատես եղանք «Վաշինգտոն Պոստում»՝ Վարդան Օսկանյանի՝ բոլորիս հայտնի գործի առնչությամբ: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում, չեն նպաստում մարդկային և համամարդկային արժեքների ամրապնդմանն ու տարածմանը, ինչը չի վրիպում միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտների  դիտարկումներից, մասնավորապես  «Էքոնոմիստ Ինթելիջանս Յունիթ»  բրիտանական ինստիտուտի հետազոտական տվյալների համաձայն, մեր երկիրը ժողովրդավարական ցուցանիշով 167 երկրների շարքում գտնվում է 111-րդ տեղում` դասվելով հիբրիդային պետությունների շարքին, որտեղ մեր հարևաններն են Նիգերիայի և Բուռունդիայի Հանրապետությունները: Հավելեմ, որ դասակարգման սանդղակում` Հայաստանից ընդամենը 3 աստիճան  ներքև, սկսվում է  ավտորիտար երկրների ցանկը: Սա ցուցանիշ է, որն արդեն  մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի զարգացմանն ու ժողովրդավարացմանը,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ–ում տեղի ունեցող գործընթացները, որոնք հիմք են հանդիսանում վերը նշված վերլուծությունների և հրապարակումների, սպառնում են մեր երկրի միջազգային հեղինակությանը.

–Անհրաժեշտ է օր առաջ ձեռնամուխ լինել արդարության մթնոլորտի ստեղծմանը, որով հիմք կդնենք արտագաղթի կրճատման, քաղաքացիական ազատ հասարակության ձևավորմանն  ու   իրական ժողովրդավարական չափանիշներով առաջնորդվող պետականաշինությանը: Եվ ինչպես արևն է հարկավոր ծաղիկներին, այնպես էլ արդարությունն է անհրաժեշտ հասարակությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը