Լրահոս

22.10.2012 18:36


«Արմենիա» հեռուստաընկերությունը խեղաթյուրել է փաստերը. բաց նամակ տնօրենին

«Արմենիա» հեռուստաընկերությունը խեղաթյուրել է փաստերը. բաց նամակ տնօրենին

Բաց նամակ Արմենիա հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանին

Երեկ` հոկտեմբերի 21-ին, «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում ռեպորտաժ է ցուցադրվել իմ ղեկավարած Armenian Business Center ընկերության կողմից իրականացված մեքենայի առքուվաճառքի մասին, որտեղ ամբողջությամբ խեղաթյուրվել են փաստերը: Մասնավորապես, նշվել է, թե հաճախորդների համար Ճապոնիայից մեքենաների ձեռքբերելու դեպքում մենք 1200 դոլար միջնորդավճար ենք վերցնում, ու դրա հետ մեկտեղ խուսափում ենք պատասխանատվություն կրել մեքենայի վիճակի համար, եթե այն սարքին չէ: Սակայն իրականությունն այն է, որ մենք ոչ մի միջորդավճար չենք վերցնում, և պատասխանատվություն չենք կրում, քանի որ ՄԵՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԳՆՈՐԴԻ ՈՒ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋև ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼՆ Է, իսկ հաճախորդը գումարն ուղղակիորեն բանկով փոխանցում է ճապոնական ընկերությանը: Ես նույնիսկ պատասխանել եմ «Արմենիայի» լրագրողի այն հարցին, թե նման պարագայում որն է մեր եկամուտը` ներկայացնելով, որ մենք մեքենաների հետ մեկտեղ ապրանքներ ենք ներմուծում, որոնց վաճառքից էլ գոյանում է մեր եկամուտը: Սակայն իմ խոսքերը կամայական ձևով այնպես են աղավաղվել ու մոնտաժվել, որ տպավորություն է ստեղձվում, թե ռեպորտաժ թողարկելու միակ նպատակը իմ ու իմ կազմակերպության բարի համբավը վարկաբեկելն էր: Արդյունքում լրագրողները այնքան են տարվել իրականությունը խեղաթյուրելու փորձերով, որ նույնիսկ չեն ճշտել` մայրաքաղաք Տոկիոյից մինչև Յոկոհամա հեռավորությունը ոչ թե 500կմ է, այլ ընդամենը 43.9կմ:

Հարգելի՜ պարոն Բաբախանյան: Ուշադիր հետևել եմ 2012թ-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ճապոնիա պաշտոնական այցին: Շատ ոգևորիչ էր նախագահի`Ճապոնիայի կայսեր հետ հանդիպման հանգամանքն ու նախագահի կոչերը` ուղղված ինչպես Ճապոնիայի գործարարներին, այնպես էլ՝ հայ գործարարներին միմյանց հետ գործարար կապեր հաստատելու ուղղությամբ: Մեր կազմակերպությունը ստեղծվել է 2008թ.-ին, և ստեղծման նպատակներից մեկն էլ հենց հանդիսանում է հայկական և ճապոնական կազմակերպությունների միջև գործարար կապերի ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև ճապոնական նորագույն տեխնոլոգիաների, ապրանքների ներմուծումը Հայաստան: Սա էապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը և կենսամակարդակի բարելավմանը: 2008-2012թթ. 5 անգամ գործնական այցերով ներկա եմ գտնվել Ճապոնիայում. տարբեր կազմակերպություններին որպես գործարար և որպես թարգմանիչ ներկայացրել եմ մի շարք հայկական արտադրող կազմակերպությունների արտադրանքները (կոնյակ, պահածոներ և այլն), դրանով իսկ փորձել եմ գործարար կապեր ստեղծել, ինչը կխթանի տեղական արտադրանքի արտահանումը հարցում: Բազմիցս առաջարկներ եմ ստացել մնալ Ճապոնիայում, ապրել և աշխատել այնտեղ, սակայն միշտ գերադասել եմ ապրել հայրենիքում՝ իմ ուժն ու եռանդը նվիրելով Հայաստանին և հայ ժողովրդին, ստեղծելով սերտ կապեր ճապոնացի գործընկերների հետ: Ու հիմա ստացվում է, որ մի հաղորդման ընթացքում տրված խեղաթյուրված տեղեկատվության ու մի քանի անբարեխիղճ լրագրողների անպատասխանատու քայլերի պատճառով ոչ միայն վարկաբեկվում է իմ ընկերության գործարար համբավը, այլև կասկածի տակ է դրվում լուրջ գործարար կապերն ու ճապոնական կազմակերպությունների հետ այդքան դժվար ստեղծված համագործակցության ծրագրերը:

Խնդրում ենք Ձեր աջակցությունը տվյալ հարցի օբյեկտիվ լուսաբանման գործընթացում, պահանջում ենք հերքել տրված տեղեկատվությունը, որ չի համապատասխանում իրականությանը և այդքանով իսկ ազդում է նաև ձեր հեռուստաընկերության հեղինակության ու անկողմնակալության վրա:

Armenian Business Center`

Արա Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը