Լրահոս

22.10.2012 11:55


ՕԵԿ–ը, Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՕԵԿ–ը, Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կպաշտպանի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչպես «Արմենպերս»-ի հետ զրույցում նշել է ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, կուսակցությունը հավատարիմ է մնում կոալիցիոն համաձայնագրին և աջակցելու է գործող նախագահին: 

«Ինչպես գիտեք, 2008-ին կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի և Սերժ Սարգսյանի միջև կոալիցիոն համաձայնագիր է ստորագրվել, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2013թ. Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեպքում` ՕԵԿ-ը կպաշտպանի նրա թեկնածությունը: Մենք հավատարիմ ենք մնում այդ համաձայնագրին և կաջակցենք գործող նախագահին»,- ասել է Հեղինե Բիշարյանը:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը ևս առաջիկա ընտրություններին չի առաջադրի սեփական թեկնածուին և կսատարի գործող նախագահի թեկնածությունը:

«Գալիք նախագահական ընտրություններին մեր թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը»,-ասել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Ավելի վաղ «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը հայտարարել էր, որ իր գլխավորած կուսակցությունը ևս աջակցելու է հանրապետության նախագահի թեկնածությունը: 

«Մեր կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածուին: Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել ՀՀԿ-ի հետ, և այդ համագործակցությունը կշարունակվի նաև գալիք ընտրությունների ժամանակ: Մենք կպաշտպանենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-ասել էր Խոսրով Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը