Լրահոս

20.10.2012 16:42


ՀՀ փոխվարչապետը Կոտայքում մասնակցել է մարզխորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետը Կոտայքում մասնակցել է մարզխորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանում մասնակցեց մարզխորհրդի նիստին, որի օրակարգում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող եւ հրատապ այլ հարցեր:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված շուրջ 3, 6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,5 մլրդ դրամ, կատարողականը 98.4% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.1%: Հինգ հարկատեսակների մասով կատարողականի 70%-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել միայն տասը համայնքում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար համարեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` վստահություն հայտնելով, որ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներն առաջիկա ամիսներին առավել հետեւողական աշխատանքներ կիրականացնեն այդ ուղղությամբ: Կարեւորելով արդյունավետ վարչարարության իրականացումը` նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ այդ հանգամանքը հաշվի է առնվելու պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման դեպքում:

Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի առնչությամբ զեկուցվեց, որ արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների 94,6 տոկոսը: Քննարկվեցին նաեւ չորրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր, որով մարզին տրամադրվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն դպրոցների, շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, ոռոգման ջրագծերի կառուցմանը:

Նիստի ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի մասին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետեւողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում:

Ա. Գեւորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ համայնքապետերի բարձրացրած հարցերի վերաբերյալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը