Ինչ անել, ով ենք մենք, ուր ենք գնում. այս հարցերը շարունակ հետապնդում են ինձ, վստահ եմ նաև շատերին։ Մեր խիտ ու անհանգիստ ժամանակներում գրեթե անհնար է ապրել առանց տագնապների, մանավանդ, եթե ապրելու կերպդ ու մտածումդ սոսկ սեփական կեղևի մեջ չի տեղավորվում։ Ամենավախեցնողը թերևս այն զգացումս է եղել, թե ինչու հայ մարդն օտարվեց ազգային հարցից, սեփական հողից, նույնն է, թե ինքն իրենից։ Ինչպե՞ս կարողացանք այսքան հուսահատ ու հոռետես դարձնել սեփական ժողովրդին: Արտագաղթը կոտրում է մեր մեջքը. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն այս տարի 90 հազար 799 քաղաքացի արտագաղթել է։ Ըստ էության վտանգված է ոչ միայն այսօրվա, այլև մեր վաղվա գոյության դաշտը: Տագնապ ու պարտություն միևնույն ժամանակ, իսկ երիտասարդության 70%¬ն իր ապագան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է տեսնում։
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այսօր Հայաստանում ամենամեծ դեֆիցիտը հավատի, արդարության ու բարոյականության դեֆիցիտն է, արդյոք մենք բարոյապես պարտվել ենք: Եվ ինչու՞ «ինձ էլ ինչ կտաս՝ կտաս» փիլիսոփայությունն ու վարքակերպն է դարձել տիրապետող, երբ քրիստոնեական ու համամարդկային անանցի մեջ վավերական ու անքննելի է «իսկ ես ի՞նչ կտամ»’ բանաձևը։ Սրանք հենց այնպես, պարապ ժամանակի հարցեր չեն. հարցեր և իրողություններ են, որ իրավունք չունենք անտեսել, հենց այն անառարկելի ճշմարտությամբ, որ դրանք տեղավորվոււմ են Հայաստանի պետականության հեռանկարի, ազգային բարոյականության, արժանապատվության, ի վերջո երկրի և մեզանից յուրաքանչյուրի ապագայի տեսլականում։ Սեփական սխալները տեսնելն իրապես հեշտ չէ, ավելին քաջություն և քաղաքական որակներ են պահանջում, որովհետև նախ սխալները չտեսնելու իսկ հետո դրանք չշտկելու կարճամիտ համառության համար հատուցելու է յուրաքանչյուր հայ՝ այսօր և վաղը: Գուցե՞ 600 տարի չունեցած պետականության դիմաց ենք հատուցում: Ու՞մ ենք պարտվել և արդյո՞ք պարտվել ենք։ Անհանգիստ ու չկայացած հասարակություններին բնորոշ այս որոնումներիս մեջ, մտքումս շարունակ Հրանտ Մաթևոսյանի հետ եմ խոսում։ 2000-ին, երբ մեր անկախությունն արդեն տասնամյա պատմություն ուներ, իսկ Արցախյան ազատամարտն արյամբ նվաճած հայրենի հողի ազատագրում ու հաղթանակ էր արձանագրել, Հրանտ Մաթևոսյանը գրում էր ՙ«Մենք մեզ սիրելի չենք»։ Ու, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցնում էին` ո՞վ է այսօրվա հայը` Իշխա՞նը թե՞ Ավետիքը, ասում էր` Իշխանն էլ, Ավետիքն էլ։ Այն ժամանակ էլ, տաս տարի առաջ, ինչպես և այսօր, ամբարտավաններն ու զորբաներն իրենց աղմուկով լցրել էին ասպարեզը, ու Մաթևոսյանը, որ հաստատ մահապարտ զինվորի չափ հող պահող էր ու հուսահատվող տեսակ չէր, պարզապես իրավունք չուներ, պարզորեն հանճարեղ ճշմարտության էր հանգել՝ հավատում էր յուրաքանչյուրի և ամեն մեկի ազնիվ ճիգին: Ուղիղ մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 19-ին, այս բոլոր տագնապները մտքիս մեջ շարունակում էին կենսունակ լինել, երբ «Օգնիր եղբորդ» կոչով դիմում էինք մեր հայրենակիցներին։ Անտարբեր լինելու իրավունք չունեինք։ Սիրիահայ համայնքը ծանր օրեր էր ապրում և ապրում է։ Պահն էր, երբ ողջ հայությունը պիտի ցույց տար իր միասնականությունը՝ միավորվեր՝ անկախ գաղափարական ու աշխարհագրական սահմանների։ Պարզապես անհրաժեշտ էր հավատալ համահայկական ներուժի զորությանն ու մասնամակից դառնալ համազգային հանձնառությանը։ Մենք կարողացանք… Հոկտեմբերի 15-ին տասնչորս տոննա մարդասիրական օգնությունը ճեղքեց Թուրքիային օդային սահմանն ու հասավ Հալեպ։ Ինձ ու մեզ համար հավասարապես նվիրական ու թանկ են 2000 դրամ նվիրած տարեց թոշակառուի հանձնառությունն էլ, 40 միլիոնի պարենամթերք տրամադրած գործարարի նվիրատվությունն էլ ։ Այստեղ կանգ չենք առնում, պատերազմը շարունակվում է… Բայց առավել թանկ ու անգնահատելի է զգացությունն ու համոզումը, որ մենք սիրելի ենք դառնում, որ մեր մեջ կենսունակ է անհատի նվիրումը, սերը, խղճին հավատարիմ մնացած տիրոջ տեսակը, ազգային նույնականության գիտակցումը։ Արտաքին բոլոր վտանգները ոչինչ են, եթե ներքին իմունիտետ ունես, ամրապնդվում է փայփայելի համոզումս։ Այո, մենք կեսունակ ենք ու հզոր, երբ միասին ենք, երբ մեկ ենք։ Արդյո՞ք մեզ կհաջողվի հասնել այն եզրագծին, երբ ազգային միտքն ու ազգային կապիտալը միասին կորոնեն «Ի՞նչ անելու» բանաձևը, շարունակում եմ մտածել ես ու հավատալ ինչպես Հրանտ Մաթևոսյանը էր հավատում1990-ին՝ “ուզում եմ գուրգուրել այն միտքը, թե մնացորդն անգամ բավական կլինի, որպեսզի դարձյալ երկիրը կոչվի Հայաստան եւ աշխարհի համար բարոյականության օրինակ, բարոյականության չափանիշ լինի»։
Մենք՝ ինչ անելու որոնումներում
Ինչ անել, ով ենք մենք, ուր ենք գնում. այս հարցերը շարունակ հետապնդում են ինձ, վստահ եմ նաև շատերին։ Մեր խիտ ու անհանգիստ ժամանակներում գրեթե անհնար է ապրել առանց տագնապների, մանավանդ, եթե ապրելու կերպդ ու մտածումդ սոսկ սեփական կեղևի մեջ չի տեղավորվում։
Ամենավախեցնողը թերևս այն զգացումս է եղել, թե ինչու հայ մարդն օտարվեց ազգային հարցից, սեփական հողից, նույնն է, թե ինքն իրենից։ Ինչպե՞ս կարողացանք այսքան հուսահատ ու հոռետես դարձնել սեփական ժողովրդին: Արտագաղթը կոտրում է մեր մեջքը. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն այս տարի 90 հազար 799 քաղաքացի արտագաղթել է։ Ըստ էության վտանգված է ոչ միայն այսօրվա, այլև մեր վաղվա գոյության դաշտը: Տագնապ ու պարտություն միևնույն ժամանակ, իսկ երիտասարդության 70%¬ն իր ապագան Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է տեսնում։
Սեփական սխալները տեսնելն իրապես հեշտ չէ, ավելին քաջություն և քաղաքական որակներ են պահանջում, որովհետև նախ սխալները չտեսնելու իսկ հետո դրանք չշտկելու կարճամիտ համառության համար հատուցելու է յուրաքանչյուր հայ՝ այսօր և վաղը:
Գուցե՞ 600 տարի չունեցած պետականության դիմաց ենք հատուցում: Ու՞մ ենք պարտվել և արդյո՞ք պարտվել ենք։ Անհանգիստ ու չկայացած հասարակություններին բնորոշ այս որոնումներիս մեջ, մտքումս շարունակ Հրանտ Մաթևոսյանի հետ եմ խոսում։ 2000-ին, երբ մեր անկախությունն արդեն տասնամյա պատմություն ուներ, իսկ Արցախյան ազատամարտն արյամբ նվաճած հայրենի հողի ազատագրում ու հաղթանակ էր արձանագրել, Հրանտ Մաթևոսյանը գրում էր ՙ«Մենք մեզ սիրելի չենք»։ Ու, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցնում էին` ո՞վ է այսօրվա հայը` Իշխա՞նը թե՞ Ավետիքը, ասում էր` Իշխանն էլ, Ավետիքն էլ։
Այն ժամանակ էլ, տաս տարի առաջ, ինչպես և այսօր, ամբարտավաններն ու զորբաներն իրենց աղմուկով լցրել էին ասպարեզը, ու Մաթևոսյանը, որ հաստատ մահապարտ զինվորի չափ հող պահող էր ու հուսահատվող տեսակ չէր, պարզապես իրավունք չուներ, պարզորեն հանճարեղ ճշմարտության էր հանգել՝ հավատում էր յուրաքանչյուրի և ամեն մեկի ազնիվ ճիգին:
Ուղիղ մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 19-ին, այս բոլոր տագնապները մտքիս մեջ շարունակում էին կենսունակ լինել, երբ «Օգնիր եղբորդ» կոչով դիմում էինք մեր հայրենակիցներին։ Անտարբեր լինելու իրավունք չունեինք։ Սիրիահայ համայնքը ծանր օրեր էր ապրում և ապրում է։ Պահն էր, երբ ողջ հայությունը պիտի ցույց տար իր միասնականությունը՝ միավորվեր՝ անկախ գաղափարական ու աշխարհագրական սահմանների։ Պարզապես անհրաժեշտ էր հավատալ համահայկական ներուժի զորությանն ու մասնամակից դառնալ համազգային հանձնառությանը։ Մենք կարողացանք… Հոկտեմբերի 15-ին տասնչորս տոննա մարդասիրական օգնությունը ճեղքեց Թուրքիային օդային սահմանն ու հասավ Հալեպ։ Ինձ ու մեզ համար հավասարապես նվիրական ու թանկ են 2000 դրամ նվիրած տարեց թոշակառուի հանձնառությունն էլ, 40 միլիոնի պարենամթերք տրամադրած գործարարի նվիրատվությունն էլ ։ Այստեղ կանգ չենք առնում, պատերազմը շարունակվում է… Բայց առավել թանկ ու անգնահատելի է զգացությունն ու համոզումը, որ մենք սիրելի ենք դառնում, որ մեր մեջ կենսունակ է անհատի նվիրումը, սերը, խղճին հավատարիմ մնացած տիրոջ տեսակը, ազգային նույնականության գիտակցումը։ Արտաքին բոլոր վտանգները ոչինչ են, եթե ներքին իմունիտետ ունես, ամրապնդվում է փայփայելի համոզումս։ Այո, մենք կեսունակ ենք ու հզոր, երբ միասին ենք, երբ մեկ ենք։
Արդյո՞ք մեզ կհաջողվի հասնել այն եզրագծին, երբ ազգային միտքն ու ազգային կապիտալը միասին կորոնեն «Ի՞նչ անելու» բանաձևը, շարունակում եմ մտածել ես ու հավատալ ինչպես Հրանտ Մաթևոսյանը էր հավատում1990-ին՝ “ուզում եմ գուրգուրել այն միտքը, թե մնացորդն անգամ բավական կլինի, որպեսզի դարձյալ երկիրը կոչվի Հայաստան եւ աշխարհի համար բարոյականության օրինակ, բարոյականության չափանիշ լինի»։