Հարցազրույց

18.10.2012 17:58


Արմենակ Դովլաթյան

Արմենակ Դովլաթյան

Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ

–Այսօր ձեր կուսակցությունը Ավանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրեց Ձեր թեկնածությունը։ Ինչո՞ւ հանկարծ նման որոշում կայացվեց։

–Հանկարծ չէր, նման մտքեր կային դեռ մայիսին, բայց այն ժամանակ մեծամասնականով չառաջադրվեցի։ Եթե առաջադրվեի, մայիսին էլ պիտի Ավանում առաջադրվեի։

–Ինչո՞ւ չառաջադրվեցիք, ինչո՞ւ հիմա։

–Այն ժամանակ մեր որոշումն էր չմասնակցել մեծամասնականով, և եթե նայեք՝ ՀԱԿ համամասնական ցուցակում էլ ես ամենավերջում եմ, դա եղել է իմ անձնական որոշումը։

Լրագրող Արտակ Եղիազարյանը, ով ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո առաջինը հայտարարեց, որ ցանկանում է Ավանում առաջադրվել, հետագայում մտափոխվեց՝ պատճառաբանելով, թե ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ինքը չունի, և հետո մեր երկրում ձևավորված ընտրական արատավոր համակարգի պայմաններում ընդդիմությունը չպետք է փոշիացնի իր ձայները, և նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում պետք է հանդես գա մեկ միասնական թեկնածուով: Դուք այդ ֆինանսական հնարավորությունն ունե՞ք, և արդյոք այդ ընտրատարածքում ընդդիմության թեկնածուի չէի՞ք տեսնում, որ որոշեցիք ինքներդ առաջադրվել։

–Մենք էլ ունենք ֆինանսական խնդիրներ։ Այսօր շատ քիչ կուսակցություններ միջոցներ ունեն՝ ի տարբերություն իշխանական կուսակցությունների։ Մենք փորձելու ենք անել հնարավորը ամենափոքր միջոցներով, իսկ դա հնարավոր է։

–Թիվ մեկ ընտրատարածքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագից՝ Ռոբերտ Սարգսյանից բացի, միակ առաջադրված թեկնածուն «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն է։ Գուցե նրան ընդդիմություն չե՞ք համարում։

–Ես չէի ցանկանա հենց առաջին պահից խոսել՝ ով է ընդդիմություն, ով ոչ. Ստյոպա Սաֆարյանի հետ մենք համատեղ շատ խնդիրների լուծմանն ենք մասնակցել։ Կան հարցեր, որոնք իմ խնդրանքով բարձրացվել են իր կողմից՝ որպես պատգամավոր։ Մենք կլինենք համախոհներ, ոչ մրցակիցներ, հույս ունեմ։

Այդ դեպքում՝ չե՞ք կարծում, որ ձեր առաջադրմամբ ընդդիմության ձայները կկիսվեն, և այդպիսով ՀՀԿի թեկնածուի ջրաղացին ջուր կլցնեք։

–Ես այդպես չեմ կարծում, ու վերջ ի վերջո ներկա ահռելի բնապահպանական խնդիրների առկայության պայմաններում ժամանակն է, որ ԱԺ-ում այդ խնդիրների պահանջատեր հայտնվի։

ՀՀԿի թեկնածուին ճանաչո՞ւմ եք։ Նրա նկատմամբ ավանցիներն ինչպիսի՞ վերաբերմունք ունեն։

–Չեմ ճանաչում, բացարձակապես։

ՀՀԿական Համլետ Հարությունյանը պնդում էր, որ նա հարգված ընտանիքից է, ակտիվ կուսակցական գործունեություն է ծավալում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև Ավանում Տարոն Մարգարյանի ունեցած ազդեցությունը, չե՞ք կարծում, որ ընտրվելու ձեր շանսերն այնքան էլ մեծ չեն։

–Ես չեմ ճանաչում և չգիտեմ Հանրապետականի թեկնածուի ընտանիքը և այդ հարցով որևէ բան չեմ կարող ասել։ Իսկ եթե մենք մեր որոշակի հաշվարկները և շանսերը չունենայինք, ուղղակի չէի առաջադրվի։

Օրինակ՝ ինչպե՞ս պետք է պայքարեք ընտրակեղծիքի դեմ։

–Դրա մասին կխոսենք հետո, մենք էլ մեր տեխնոլոգիաները ունենք դրա դեմ պայքարելու համար։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը