Լրահոս

18.10.2012 20:25


Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի և դրանից բխող մի շարք օրենքների նախագծերին, որոնցով կարգավորվում են նշված խնդիրների հետ կապված հարաբերությունները, սահմանվում այդ պայքարի ոլորտում ընդգրկված իրավասու մարմինների, հաստատությունների և անձանց շրջանակը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները։

Կառավարության հավանությունն են ստացել «Պետական նյութական պահուստի մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը։ Դրանց նպատակն է արտակարգ իրավիճակների կանխման կամ հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքի իրականացման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պաշարի ֆինանսավորումն այլընտրանքային աղբյուրներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ձևավորելու հնարավորությունը։
Նիստում հավանություն է տրվել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերի փաթեթին, որն ընդունելու դեպքում կկարգավորվեն տեղական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական մարմինների հարաբերությունները տեղական տուրքերի սահմանման և վճարման հարցում, տնտեսվարողների համար կստեղծվեն մրցակցային հավասար պայմաններ։
Կառավարության հավանությանն են արժանացել «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի և դրա ընդունմամբ պայմանավորված մի շարք այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերը, որոնց շնորհիվ կկարգավորվեն Ակադեմիայի գործունեությանն առնչվող հասարակական բոլոր հարաբերությունները։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ԱԺ ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծերի փաթեթի ընդունումը և բազմակողմանիորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների նախագծերի մեկ փաթեթը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը