Լրահոս

18.10.2012 11:40


Ադամ Շիֆ. «Արցախը բացառապես հայկական տարածք է, այն չպեքտ է հայտնվի Ալիևի ձեռքում»

Ադամ Շիֆ. «Արցախը բացառապես հայկական տարածք է, այն չպեքտ է հայտնվի Ալիևի ձեռքում»

«Asbarez.com»-ը հրապարակել է ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի հոդվածը, որը վերաբերում է Արցախին։ Հոդվածում Շիֆն ընդգծում է Արցախի հայկական տարածք լինելու հանգամանքը.

«Արցախը բացառապես հայկական տարածք է, որը խորհրդային իշխանության օրոք անցել էր Ադրբեջանի իշխանությանը, չնայած Հայաստանի հետ դարավոր մշակութային, լեզվական և կրոնական կապերին»

Ամերիկացի կոնգրեսականը նաև անդրադարձել է հետպատերազմյան այն դժվարություններին, որոնք կրում է անկախ Արխացի ժողովուրդը.

«Պատերազմի ավարտից հետո տարիները հեշտ չեն. ազերի դիպուկահարների հարձակումները շփման գծում և Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների բազմաթիվ սպառնալիքները, ներառյալ՝ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերաբացի Ստեփանակերտի օդանավակայանը։  Բացի այդ, Արցախի ժողովուրդն ամեն օր բախվում է շուրջ 100 000 ականների սպառնալիքին, որոնք տեղադրվել են 1990-ականների մարտերի ընթացքում և դեռևս չեն վնասազերծվել»։

Ադամ Շիֆն անդրադարձել է նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. Հունգարիայում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին.

 «Օգոստոսի 31-ին Սաֆարովն ուղարկվեց հայրենիք՝ պատժի մնացած ժամկետն այնտեղ կրելու համար։ Բանտի փոխարեն նա այնտեղ որպես հերոս ընդունվեց և վարդերի փնջով շրջեց Բաքվի փողոցներում։ Նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց նրան՝ տալով մայորի կոչում, բնակարան և 8 տարիների աշխատավարձը։ Սաֆարովի հանդիսավոր ընդունելությունը Բաքվում ժամանակակից Ադրբեջանի հայատյացության աստիճանի ապացույցն է»։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Ալիևն այդ կերպ փակեց Արցախի կարգավիճակի հարցում մոտ ապագայում առաջընթաց գրանցելու հնարավորությունները.

«Ադրբեջանի սխալը պետք է գին ունենա, բայց նաև պետք է մեզ հիշեցնիսեփական ճակատագիրը որոշելու՝ Արցախի ժողովրդի  իրավունքի մասին։  Ես երկար ժամանակ աջակցել եմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը, և հավատում եմ, որ քանի դեռ ԱՄՆ-ը և Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ չեն արտացոլել Արցախի ժողովրդի կամքը, կռիվների վերսկսման հեռանկարը և դրա սարսափելի հետևանքները կարող են աճել։ Բոլորի շահերից է բխում այս հարցի կարգավորումը, և դա 2013թ. դիվանագիտական առաջնահերթություն պետք է լինի»։

Ադամ Շիֆն ԱՄՆ իշխանություններին առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին՝ դրանով ցույց տալով, որ Սաֆարովի ներումն անընդունելի էր, և միաժամանակ հիշեցնել, որ Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ ագրեսիա ընդունելի չէ ԱՄՆ-ի կողմից։

 «Արցախի ժողովուրդը՝ ճնշող մեծամասնությամբ հայեր և քրիստոնյաներ, չպետք է հայտնվի Ալիևի ձեռքում։ Մարդասպանի վերադարձը տոնելով՝ նա և իր ժողովուրդը ցույց տվեցին իրենց իրական էությունը և համոզիչ փաստ տվեցին Արցախի անկախության ճանաչման համար»,-եզրափակում է Ադամ Շիֆը։

 

Այս խորագրի վերջին նյութերը