Տնտեսական

17.10.2012 12:21


«Արմավիան» պարտքի պատճառով դադարեցրել է չվերթները

«Արմավիան» պարտքի պատճառով դադարեցրել է չվերթները

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր առավոտվանից կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «ՍիվիլՆեթին» պարզաբանել է, որ չվերթների սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է «Արմավիայի»` օդանավակայանին ունեցած պարտքի պայմանավորված չափը մոտ $1 մլն-ով խախտելու համար: Ընկերությունն ամենօրյա կտրվածքով վճարում է պարտքը:

«Ամենայն հավանականությամբ, Զվարթնոցին դուրեկան չէ, որ առաջիկայում Արմավիան կարող է նոր բաժնետեր ունենալ»,–ասել են «Արմավիայում»:

2012թ. սեպտեմբերի 20-ին կրկին դադարեցվել էին «Արմավիա»-ի չվերթները, սակայն նույն օրը` ավելի ուշ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը վերսկսել էր սպասարկումը, քանի որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել պարտքը վճարելու շուրջ:

Այս տարի մարտի 15-ին «Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» ստորագրել էին համաձայնագիր, որով օդանավակայանը համաձայնել էր բավարարել «Արմավիայի» պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները։ Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել էր սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ Այդ ժամանակ «Արմավիան» օդանավակայանի հանդեպ կուտակել էր վեց ամսվա պարտք՝ $5,3 մլն։

Այս խորագրի վերջին նյութերը