Լրահոս

17.10.2012 20:31


Ու դատարկվող անկախություն...

Ու դատարկվող անկախություն...

Ծնվում ենք կաթիլ-կաթիլ, հեռանում ենք բուռ-բուռ

 Հայ ժողովուրդը հասավ իր նպատակին՝ վերագտնելով իր սեփական անկախությունը: Իրականացավ մեր պապերի և հայրերի երազանքը, ու մենք այսօր անկախ ենք: Թվում է՝ այսքանով ամեն ինչ ասված է, բայց ոչ, ցավոք, միայն առաջին հայացքից է այդպես: Մենք կրկին կախյալ ենք, բայց այժմ արդեն՝ ներքին պայմաններից,  կառավարությունից ու ղեկավարությունից, նրանց քմահաճույքներից ու կամայականություններից, որոշումների աբսուրդությունից ու կաշառակերությունից, դեմագոգությունից ու լկտիությունից:

Ազատ անկախ Հայաստանը դատարկվում է. արդյոք մենք երազե՞լ ենք դատարկվող անկախության մասին:

Անկախացանք, որ ձեռք-ձեռքի տված շենացնենք մեր ազատ հայրենիքը, որ միավորվենք մի նպատակի շուրջը, որ անկախ ու ազնիվ ապրենք և վերջապես կարողանանք բարեկեցիկ կյանք ապահովել մեր ծերերի ու զավավակների համար, ինչո՞ւ չէ՝ հենց ինքներս մեզ համար: Իսկ ի՞նչ ստացանք այս անկախության քսան տարիների ընթացքում:

Միթե՞ սա էր մեր երազած անկախությունը...

Չքավորության եւ արտագաղթի աճ, արտաքին պարտքերի աճ, կենսամակարդակի անկում...

Աշխատավա՞րձ, թե՞ խաչհամբույրի փող, աշխատավա՞րձ, թե՞ սիմվոլիկ ողորմություն...

Մինչև ե՞րբ պետք է հասարակ ժողովուրդն ապրի ստրուկի կարգավիճակով, մինչև ե՞րբ պետք է մարդու արժանապատվությունը ոտնահարվի իր անկախ ու ազատ հայրենիքում, մինչև ե՞րբ ու ինչի՞ համար...

Ապրում են ուտելո՞ւ համար, թե՞ ուտում են ապրելու համար...

Ոմանք ապրում են ՈՒՏԵԼՈՒ համար, իսկ ոմանք էլ ուղղակի գոյատևում են՝ մի կերպ քարշ տալով իրենց գոյությունը, կիսասոված-կիսակուշտ օր են մթնեցնում: Հայ ժողովրդի զգալի մասը դատապարտված է քարշ գոյության:

Բոլոր հնարավոր և  անհնար  պայմանները ստեղծված են  հայ մարդու համար, որ լքի հայրենիքն առանց ետ նայելու, առանց ցավի ու ափսոսանքի և որ ամենավատն է՝ առանց  վերադառնալու միտումի: Հեռանալու պատճառները հիմնականում կենցաղային են, և չեմ կարծում՝ անլուծելի: Մի խումբ օլիգարխների կամայականություններին զոհ դարձած հայ մարդն իր ապահովության ու բարեկեցիկ կյանքի երաշխիքը կրկին փնտրում է օտար ափերում: Եթե սա հետևողականորեն իրականացվող ծրագիր է, ապա զարմանալի է` մինչև հիմա մեր ղեկավարությունն իր առջև դրած ոչ մի ծրագիր այսքան բարեհաջող չի իրագործել:

Այն ինչ դարերի ընթացքում չհաջողվեց անել մեր թշնամիներին, բավական լավ հաջողվում է անել մեր վայ ղեկավարներին... Բայց մինչև ե՞րբ ու հանուն ինչի՞...

Հետո ումո՞վ եք որոշել բնակեցնել Հայաստանը, գուցե պարսիկներո՞վ, բնավ չէի զարմանա:

«Պանդուխտ –պատանդ եղբայրացան, հայոց շեներն ամայացան...»։

Ի՞նչ եք անում, մի կանգ առեք, մի ետ նայեք, որտեղից եք գալիս և ուր եք գնում... Այլապես մի օր կարթնանաք  ձեր «քաղցր» թմբիրից ու կհասկանաք, որ ինչ–որ բան փոխելու  համար արդեն շատ ուշ է...

Նարինե Գամբարյան

Այս խորագրի վերջին նյութերը