Լրահոս

16.10.2012 17:16


Արցախում անկացվեց «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը

Արցախում անկացվեց «Շուշի արթ փրոջեքթ» ժամանակակից արվեստի նախագիծը

Հոկտեմբերի 1-4 արվեստագետները տեղում աշխատեցին իրենց ստեղծագործությունների պատրաստման վրա, ամսի 3-ին Շուշիի քաղաքային տարբեր տարածքներում տեղի ունեցան արվեստագետների բացօթյա պերֆորմանսները, որոնց արդյունքում ստեղծված գործերը, նկարահանված տեսաշարերի հետ մեկտեղ, ցուցադրվեցին էքսպոզիցիայում: Շուշիի հողի վրա ստեղծված ինստալացիաներից հատկապես ուշագրավ են Հերրի Որբերյանի` հայելիներով «Ինքնադիմանկար»-ը Շուշիի նշանավոր պատմական վայր Ճդրդյուզում, Աշոտ Ավագյանի մեգալիթյան շարվածքն ու իր գործերից մեկի այրման արարողությունը նույն տեղում, Համլետ Հովսեփյանի` կարմիրով ներկած ժայռաբեկորը նույն վայրում, Սահակ Պողոսյանի «Ականապատված դաշտեր և պեչենու բաղեր» ինստալացիան Շուշիի պարիսպի տարածքում, Չառլի Խաչատուրյանի հսկայական հողե օբյեկտը, որ նա իբրև հանվածք դուրս բերեց Շուշիի հողից, Արա Օշականի ֆոտոինստալացիան Ղազանչեցոց փողոցում գտնվող պատմական շենքերից մեկի ճակատին և այլն: Պերֆորմատիվ գործերից հատկապես ուշագրավ էին Սամվել Սաղաթելյանի` տեղացի կանանց օգնությամբ կարված չորսմետրանոց գունագեղ վերմակը` երեսին Արցախի քարտեզով, Ալեքսեյ Մանուկյանի «Տասը մետրը», որում նա Շուշիի գետնից մի հատված դաջեց թղթին, Քիքիի գործողության նկարչությունը, որը ծնվում է հանդիսատեսի աչքի առաջ, ինչպես նաև նույն սկազբունքվ կերտվող Սէվ-ի «Դեկոլաժ» օբյեկտը: Կամեռային գործերից նշենք Ճալա և Եվա Սարգսյան զույգի ստեղծած «Խնձոր» երկնկարը, Գագիկ Ղազանչյանի «0-ական կետ», Մերի Մունի «Քաղաք», Հարություն Զուլումյանի «Մելանխոլիա» քանդակն-օբյեկտները, Վաչագ Տեր-Սարգսյանի` վերադարձի ինստալացիան, որոնք բոլորն էլ ստեղծվեցին և կամ մոնտաժվեցին տեղում, ներառելով տեղում ստեղծված արտիստական մթնոլորտը, իրավիճակը, հանդիսատեսին և հանրությանը:      

Փառատոնի ընթացքում  Շվեդիայում բնակվող նշանավոր դոկումենտալիստ Սյուզան Խարդալյանը տեղի ուսանողների հետ անցկացրեց մաստեր-կլասներ, «Նարեկացի» արվեստի կենտրոնում ցուցադրվեց նրա` «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: 

ՇԱՓ-ն աննախադեպ մշակութային իրադարձություն էր արցախյան հողում, որը, դատելով մամուլից և մասնավոր արձագանքներից, զգալի աշխուժություն առաջացրեց ոչ միայն հայաստանյան և արցախյան, այլև սփյուռքի հանրության շրջանում: Նախագծի բացմանը, հոկտեմբերի 5-ին, ներկա էին ԼՂՀ մշակույթի փոխնախարարը, նախագահի խորհրդականը, ԼՂՀ կառավարության Զբոսաշրջության վարչության պետը, Շուշիի քաղաքապետը, մամուլի ներկայացուցիչներ, մտավորականներ, քաղաքի բնակիչներ: Իրենց բացման խոսքում նախագծի կազմակերպիչները շնորհակալական խոսք հղեցին արցախյան ժողովրդին, շուշեցիներին և կառավարությանը և հույս հայտնեցին, որ այն իրապես մի ներդրում կլինի տեղի մշակությաին դաշտում և իր շարունակությունը կունենա: Նույն օրը, Շուշի արվեստի ցուցասրահում, տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի կենտրոնի ժող. գործիքների համույթի ելույթը, Շուշիի Մշակույթի և երիտասարդության պալատում ՇԱՓ շրջանակներում բացվեց արցախցի արվեստագետների ցուցահանդեսը, որի բացմանը իր ողջույնի և երախտագիտության խոսքով հանդես եկան ՇԱՓ կազմակերպիչները, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը, իսկ նախարարի օգնականը հյուրերին ներկայացրեց արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները:  

Նախագծի փակմանը Շուշի արվեստի պատկերասրահում տեղի ունենացավ «Նարեկացի» ժող. նվագարանների համույթի ելույթը:

«Շուշի արթ փրոջեքթի»` «Հող և տեխնոլոգիա» հայեցակարգի ներքո անցկացվող անդրանիկ նախագիծը համընկավ նաև «Շուշի արվեստի պատկերասրահի» բացմանը, որտեղ էլ այն կայացավ: Պատկերասրահի շենքը, որ իենից ներկայացնում է պատմամշակությաին հուշարձան և 19-րդ դարում հանդիսացել է Անդրկովկասի առաջին տպագրատներից մեկը` հիմնադրված շվեյցարացիների կողմից, ավերված վիճակից վերականգնվել և վեր է ածվել պատկերասրահի բարերար Կարո Սարգսյանի միջոցներով:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18:00 Երևանի ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա  «Շուշի արթ փրոջեքթ» -ի ընծայումը (պրեզենտացիան), տեղում կցուցադրվեն Շուշիից տեղափոխված գործերը, իսկ այն գործերը, որոնք նվիրաբերվել են Շուշիին, կցուցադրվեն ֆոտոշարքի միջոցով, կներկայացվեն նաև արվեստագետների` տեղում արված պերֆորմանսների վիդեոները: Բացմանը ելույթ կունենան ՇԱՓ նախագահ և կազմակերպիչ Հերրի Որբերյանը և նախագծի արթ-համադրող, արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը, ներկա կկգտնվեն նաև հայաստանաբնակ արվեստագետները: Հոկտեմբերի 22-27-ը ՇԱՓ մասնակից արվեստագետներից մի քանիսը ԹՈՒՄՈ կենտրոնի սաների համար դասախոսություն-ընծայումներ կանցկացնեն` պատմելով իրենց ստեղծագործական փորձառության և ժամանակակից արվեստի խնդիրների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը