Լրահոս

15.10.2012 17:40


Հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող հաստոցները թաքցնելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող հաստոցները թաքցնելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քաղաքացի Բ. Մանուկյանի վերաբերյալ քննվել եւ մեղադրական եզրակացությամբ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար 2011թ. օգոստոսի 2-ին որոշում է կայացվել` գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Այդ որոշման հիման վրա քաղաքացի Բ. Մանուկյանին արձանագրությամբ ի պահ է հանձնվել ոսկերչական իրեր արտադրելու համար նախատեսված 5 հաստոց, որոնք Բ. Մանուկյանը թաքցրել է: 

Արդյունքում` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. հունվարի 24-ի դատավճռով նշանակված գույքի բռնագրավումը կատարելու նպատակով իրականացված կատարողական գործողությունների ընթացքում նշված հաստոցները չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:

Այս խորագրի վերջին նյութերը