Տարեդարձը նաև յուրօրինակ հաշվետվություն է` անցյալի, ծրագիր` ապագայի համար: Անկեղծ զարմանում եմ, թե ինչպես էին մեր հոգևոր և պետական այրերը գոհ դեմքերով վայելում Երևանի ծննդյան երեկոն, երբ ամեն քայլափոխի կարելի է նշել Երևանի ոչ թե ծնունդը, այլ` մահը: Իսկապես` ինչպե՞ս կարելի է հիշատակել Էրեբունու կամ Այրարատյան թագավորների անուննները, երբ անտերանոցի է մատնված Էրեբունի բերդաքաղաքը, երբ Կարմիր բլուրում հնագիտական արժեքների փոխարեն կարելի է տեսնել միայն մետլախի, կոտրտված զուգարանակոնքերի, թիթեղների և այլ առարկաների կտորտանքներ. հիանալի փաստ թուրքերի համար, որոնք ձգտում են օտարել մեզնից Այրարատյան մշակույթը:
Ինչպես կարելի է ուրախանալ, երբ քաղաքի ճարտարապետական դիմագիծը վաղուց որոշում են ոչ թե ճարտարապետները, այլ` փողը. ինչքան շատ, այնքան շենքդ բարձր ու ծավալուն, երբ ամեն քայլափոխի հանդիպող շենքի հիմքում տեսնում ես ճարտարապետի բռնաբարված հոգին, իսկ եթե սեփական կամոք են կառուցել` ապա ուղղակի պետք է դիպլոմը վերցնել վերջինիս ձեռքից և շպրտել աղբանոց, իսկ վերջինիս դատել: Իբր պահպանված հին ճակատային պատի վրա ապակեպատ շինությունները նման են այն բանին, որ կարող ես մարդու վիզը կտրել, բայց որպիսի պահպանես վերջինիս դեմքը, գանգը վզիցդ կախես ու կանգնես: Ինչպե՞ս կարելի է ուրախանալ, երբ ամեն ազատ անկյուն, անգամ մանկական խաղահրապարակները կառուցապատվում են. այցելեք Նալբանդյան-Սայաթ-Նովա-Հանրապետության-Թումանյան փողոցներով պարփակված շենքերի բակ, այնտեղ իսկական ոճրագործություն է տեղի ունենում մեր մանուկների հանդեպ: Ինչ է` անհնա՞ր էր պահպանել հինը, տարա՞ծք չկար նոր քաղաքի համար: Տեսեք Թուֆենկյան հիմնադրամի կառուցապատումը Վարդանանց փողոցի վրա. մասնագետ չլինելով էլ կարելի է զգալ և' շքեղությունը, և' հին երևանյան ոճը: Նույնը կարելի է ասել ՀՀԿ շենքի շարունակության մասին` Մելիք-Ադամյան փողոցում: Դուրս գանք Երևանից` շատ կողմերով կիսաամայի տարածքներ, կառուցենք ինչքան ուզում ենք: Բայց` ոչ: Պետք է անխնա բռնաբարել հինը, նորը խցկել հնի դիակի վրա: Պետք է I հանրապետության կառավարության շենքը թանգարանի փոխարեն չալաղաջնոցի վերածել, քանի որ փողոտ գործ է: Մասնագետ պետք չի լինել` ցույց տալու համար, որ, օրինակ, մի քանի մետր լայնքով Դեղատան փողոցի վրա մի քանի տասնյակ հարկանի երկնաքերի փլուզումը երկրաշարժի ժամանակ իսկական աղետ է, քանի որ տարհանման և այլ աշխատանքների համար այդ տարածք մոտենալն անհնար կլինի առնվազն մի քանի շաբաթ: Էլ չեմ խոսում կանաչ տարածքների մասին, որոնք մի քանի տասնյակ հազար հեկտարից հասել են մի քանի հազարի:
Ինչքան հաճելի կլիներ, եթե մեր սերունդներին և օտարերկրացիներին ներկայումս ցույց տայինք. ահա սա մեր I հանրապետության Խորհրդարանն է (Պարոնյան թատրոնի տեղում, քանդվել է դեռ կոմունիստների օրով), սա` կառավարությունը (Տաշիր – չալաղաջանոցի տեղում), սա պատմական այս փողոցն է, սա այս տանը տեղի է ունեցել այս նշանակալի իրադարձությունը: Ոչ մի բան չկա հիշելի: Ինչով ենք զանազանվում օտար վայրից կառավարվող մեր կոմունիստ նախորդներից, որոնց շատ դեպքերում քննադատում ենք ամեն ինչ քանդելու համար: Ի վերջո` ապակեպատ երկնաքերները ոչ մեկին հետաքրքիր չեն, զբոսաշրջիկները սեփական երկրում տասնապատիկ լավը ունեն: Վերջիններիս հետաքրքիր է մեր մշակույթը, մեր արժեքները, որոնք օրավուր անհետանում են: Մի թեթև կամք է պետք` այս տխուր պատկերը շտկելու համար, որը չկա: Կա փողի անհագ մոլուցք և վերջ:
Զարմանալ պետք չի, որ Վրաստան տարեկան այցելում են 3,5 մլն զբոսաշրջիկ, իսկ քաղաքակրթության կենտրոն մեր երկիր` 700.000: Որովհետև Սահակաշվիլին Ախալցխայի` իրենց համար շատ պարագաներով օտար բերդն իր եկեղեցիներով վերանորոգեց և զբոսաշրջիկներին ներկայացրեց մի հրաշալի վայր` և պատմական, և հանգստի: Իսկ մեր բերդերում ու հնավայրերում մի զուգարան չկա, և զբոսաշրջիկները երկար տանջվելուց հետո սեփական պետքերը հոգում են եկեղեցիների ու բերդերի պատերի տակ: Իսկ թե մեր պատմության կամ Երևանի բերդի հետ ինչ կապ ունի խնդրո առարկա Երևան քաղաքի հռչակավոր բերդի տեղում կառուցված «Գլենդել հիլզը»` դժվարանում եմ ասել:
Օտար հյուրերի հիացմունքը պետք չի ընդունել որպես ճշմարտություն և հեռուստատեսությամբ գովազդել. ի վերջո` եթե մեկի տանը հյուր ես, չես կարող հրապարակավ ասել այն, ինչ զգացիր այնտեղ: Մյուս կողմից մի քանի բաժակ կոնյակից հետո միկրոֆոնը ուղղի հյուրին` կարող ես լսել, որ, օրինակ, շատ գեղեցիկ են Երևանի այնքան հարմարավետ տրամվայները, կամ` ինձ շատ դուր եկավ Երևանի երթուղայինների վարորդների մաքուր և գեղեցիկ արտաքինը և այլ ֆանտաստիկ բաներ:
Մի խոսքով` ծնունդդ շնորհավոր Երևան. դու այլևս պատմություն չունես, դու այլև դիմագիծ չունես: Դու քո չալաղաջանոցներով արժանի ես միայն ռուսական սեքս-համերգների, ինչը և բարեխղճորեն կազմակերպվում է:
Մտորումներ Երևանի ծննդյան օրվա առթիվ

Վահե Սարգսյան