Լրահոս

15.10.2012 11:28


Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆին դյուրահավատ է, Քոքոբելյանն արհամարհեց ընտրողների քվեն»

Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆին դյուրահավատ է, Քոքոբելյանն արհամարհեց ընտրողների քվեն»

–Անկախ մարդկային ռեսուրսի որակից՝ ես գտնում էի, որ ճանապարհ չանցած, միասնական գործունեություն չծավալած որևէ երկու կամ երեք քաղաքական կամ հասարական ուժերի բանակցություններո՛վ միավորումը չի կարող դրական արդյունք բերել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի և համանուն խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի միջև ծագած վեճը։

Լարիսա Ալավերդյանը, ով ի սկզբանե համաձայն չէր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդ երկու կուսակցությունների համագործակցությանը, այսօր արձանագրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց դյուրահավատ է։

–Այդ դյուրահավատությունը մարդկային առումով ներելի է, բայց քաղաքական առումով այսպիսի ձախողումների է բերում։ Դա կարող է՝ դաշտի չիմացությունն էր կամ խոսքին հավատալու Րաֆֆիի ունակությունը ասեմ, թե մշտական իր սովորությունը։ Ինքը շատ ավելի է վստահում ասված խոսքին, մանավանդ՝ Հայաստանում էսպիսի բան կա՝ տղամարդիկ իրար հետ խոսեցին, ստացան, գոհունակությամբ նշեցին և այլն,–ասել է Լարիսա Ալավերդյանը։

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորը նաև վստահ է, որ Խաչատուր Քոքոբելյանն իր պատասխան հայտարարությամբ շտապել է.

–Ես չեմ կարծում, որ չի կարելի այդպես կտրուկ ընտրողների քվեն արհամարհել։ Նա «Ժառանգություն» խմբակցությունով էր ընտրվել, «Ժառանգություն» խմբակցությունը որպես միավոր է մտել ԱԺ՝ այն ձայների շնորհիվ, որոնք տրվել են։ Չի՛ կարելի այդպիսի կտրուկ հայտարարություններ անել։ Ես չեմ արգելում, բայց ես ինձ երբեք թույլ չեմ տա այդպիսի կտրուկ հայտարարություններով հանդես գալ, ինչպես արեց Քոքոբելյանը՝ ասելով, որ հնարավոր է՝ տրոհվի խմբակցությունը։

Լարիսա Ալավերդյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը