Լրահոս

13.10.2012 10:19


Անվտանգությունը երկաթուղում. երթևեկությունը միակողմանի չի լինում

Անվտանգությունը երկաթուղում. երթևեկությունը միակողմանի չի լինում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկաթուղում մի քանի դժբախտ պատահար արձանագրվեց՝ չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից ձեռնարկվող պրոֆիլակտիկ միջոցառումներին, գծանցների և կայարանների բարեկարգմանը: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները, շարունակում են հատել գծերն ըստ ցանկության, որտեղ պատահի՝ անտեսելով արգելող նշանները և դրա համար հատուկ նախատեսված անցումները և գծանցները:

2012 թվականի 8 ամիսների ընթացքում երկաթուղում տեղի էր ունեցել ոչ արտադրական վնասաբերության 5 դեպք, արդյունքում 4 մարդ էր զոհվել և 1-ը վիրավորվել: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին արձանագրվել էր 17 դժբախտ պատահար, ինչի արդյունքում տուժել էր 11 մարդ (6 զոհ, 5 վիրավոր), 2010 թվականին նման դեպքերի թիվը կրճատվեց՝ 7-ը, տուժեց 4 մարդ (3 զոհ, 1 վիրավոր), իսկ 2011 թվականին տեղի ունեցավ 8 նման պատահար, տուժեց 4 մարդ (2 զոհ, 2 վիրավոր):

Երկաթուղում դժբախտ պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է գծերի չթույլատրված անցումներով՝ դրա համար բոլորովին չնախատեսված վայրերում: Մասնավորապես, 2012 թվականին արձանագրվել է վրաերթի 4 դեպք, որից 3-ը՝ մահացու ելքով. զոհվեցին երկու կին և մեկ տղամարդ (տարեց խուլ տղամարդը ուղղակի չէր լսել ջերմաքարշի զգուշացնող ձայնային ազդանշանները): 73-ամյա Էմմա Անանյանը զոհվեց օգոստոսի 23-ին՝ գծերը հատելով Այրում-Բագրատաշեն երկաթուղային հատվածի 2-րդ կմ-ում: 49-ամյա Նելլի Աբրամովան՝ հուլիսի 2-ին Ալավերդիում՝ վերադառնալով շուկայից և գծերն անցնելով <> անվանումը կրող վայրում: Այս բոլոր դեպքերում՝ նույնիսկ արտակարգ արգելակման պայմաններում զոհերից խուսափել չստացվեց:

Վերջին դեպքում անվտանգության ապահովման հարցը պահանջեց համալիր լուծումներ, քանի որ, չնայած ՀԿԵ-ի կողմից մի քանի տարի շարունակ ձեռնարկվող միջոցների՝ հատուկ ցանկապատի տեղադրմանը, Ալավերդու և հարակից գյուղերի բնակիչները՝ երկաթուղային գծերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ինքնաբուխ ստեղծված շուկա այցելելուց, հատուկ հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումը թողած, նախընտրում են այդպես կոչված «Լաչինի միջանցքը»: 

Դժբախտ պատահարից հետո դեպքի վայր այցելեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, որտեղ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ ծանոթացավ հետիոտների համար ստեղծված պայմաններին: ՀԿԵ-ի ղեկավարն ու Ալավերդու քաղաքապետը պայմանավորվեցին ստեղծված իրավիճակին համատեղ և համակարգային լուծում տալ: Մասնավորապես, կողմերի պայմանավորվածության համաձայն, կտեղափոխվի երկաթուղու հարևանությամբ գտնվող հասարակական տրանսպորտի կանգառը: Երկաթուղու կողմից արդեն իսկ տեղադրվել է երկաթուղային գծերը չթույլատրված հատումը բացառող հատուկ ցանկապատը: Ինչպես նաև բարեկարգված է չթույլատրված անցումից 200 մետր հեռավորության վրա գտնվող հետիոտների համար նախատեսված վերգետնյա անցումը:

Սակայն այդ քայլերը խիստ դժգոհություն էին առաջացրել ինքնաբուխ շուկայի առևտրականների մոտ, ովքեր մարտաշունչ դիմավորեցին երկաթուղու աշխատողներին: Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե փակվի «Լաչինի միջանցքը» գնորդների թիվը կկրճատվի, իսկ զոհված Նելլի Աբրամովան ինքն է մեղավոր, քանի որ տեսել էր մոտեցող գնացքը:

Սակայն նրանք մոռանում են, որ հարցը ոչ թե զոհվածի մեղավորությունն է կամ անմեղությունը, այլ երկաթուղային գծերի հատման կանոնների պահպանման միջոցով մարդկանց անվտանգությունն ապահովելն է ու նման դեպքերը բացառելը: Նման պատահարները ողբերգություն են դառնում միայնգամից մի քանի ընտանիքի համար՝ զոհվածների և մեքենավարների, ովքեր չկարողացան զոհերից խուսափել:

Զգուշացնող ազդանշանների անտեսումը և անվտանգության կանոնների խախտումները երբեմն հասնում են աբսուրդի. Արտաշատում այս տարվա հունվարին տաքսին դուրս էր եկել փակված գծանց՝ կոտրելով արդեն իսկ իջեցված արգելափակոցը և հայտնվել ուղիղ գնացքի առջև: Բախումից խուսափելն արդեն անհնար էր, և արդյունքում զոհվեց տաքսու ուղևորը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր կողմից ձեռնարկում է անվտանգության ապահովության համար անհրաժեշտ միջոցները. իրականացնում է երկաթուղային գծանցների վերազինման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար անց են կացվում գծանցներում թերությունների և խախտումների բացահայտմանն ուղղված միջոցառումներ, հերթապահները հատուկ տեխնիկական դասընթացներ են անցնում, վարորդներին են բաժանվում հուշաթերթիկներ, իսկ բոլոր երկաթուղային կայարաններում գործում են հատուկ կահավորված անցումներ:

Ընկերությունը բազմիցս դիմել է բնակչությանը՝ խնդրելով լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում, գծերը հատելուց, չանցնել գծերը ինքնակամ դրա համար բոլորովին չնախատեսված տեղերում, չօգտագործել երկաթուղին և հարակից տարածքները որպես արոտավայր անասունների համար: Վերջին շրջանում նման վարքագիծը դարձել է խիստ վտանգավոր ինչպես ուղևորների կյանքի և առողջության, այնպես էլ գնացքների անվտանգության համար:

Երկաթուղին հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը: Այդ նպատակով բոլոր երկաթուղային կայարաններում զետեղված են հատուկ հուշաթերթիկներ: Բացի այդ ՀԿԵ-ն համագործակցում է տեղի իշխանությունների հետ, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների և դպրոցների հետ:

Սակայն մեր համաքաղաքացիներից ոմանք շարունակում են անտեսել այդ կոչերն ու ձեռնարկված միջոցները՝ մոռանալով, որ երկաթուղային տրանսպորտը, ինչպես ավտոմոբիլայինը, չի կարող անմիջապես կանգնել: Արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատար գնացքինը՝ մոտ 1000 մետր:

Իսկ նման դեպքերում հաճախ վճռորոշ դեր են խաղում մի քանի վայրկյաններն ու քայլերը...

Այս խորագրի վերջին նյութերը