Լրահոս

12.10.2012 17:15


Չարաշահումներ են հայտնաբերվել Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում

Չարաշահումներ են հայտնաբերվել Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, պաշտոնեական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2008-2010թթ. ընթացքում թվով 3 ՍՊ ընկերությունների կողմից Արարատի մարզի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման  աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: 

Բացի այդ, կազմված նախահաշվային փաստաթղթերում, կատարողական եւ ավարտական ակտերում շինարարական աշխատանքների միավորների գները ավել հաշվարկվելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք եւ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ՓԲ ընկերության աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական եւ ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություն: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:   

Այս խորագրի վերջին նյութերը