Լրահոս

11.10.2012 16:44


Հարկային պարտավորություններից խուսափող բուժհաստատությունների նկատմամբ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Տիգրան Սարգսյան

Հարկային պարտավորություններից խուսափող բուժհաստատությունների նկատմամբ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: 
«Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային պարտավորությունների կատարման խնդիրը: ՀՀ Նախագահը մատնաշել է, որ ֆինանսական խնդիրներից բացի այս բանագավառում առկա են նաև դեղերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և մյուս ծառայություններն ուսումնասիրություններ են իրականացրել, թե ինչպես են բուժհիմնարկները կատարում իրենց հարկային պարտավորությունները և դեղերի ձեռքբերման գնումների գործընթացներում ինչպիսի իրավիճակ է առկա»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է, որ ներկայում ստուգումներ են իրականացվում առողջապահական մի քանի կազմակերպություններում: «Չափագրումների արդյունքներով օրական արձանագրվում է գործունեության ծավալների 50 տոկոսի աճ: 50-ից ավելի ձեռնարկություններ շահութահարկի գծով վնասով աշխատելու հաշվետվություններ են ներկայացրել: Այսինքն, շահույթի հետ կապված լուրջ խնդիրներ են առկա: Բոլոր ձեռնարկություններն ինքնուրույն պետք է ուղղեն իրենց հարկային հաշվետվությունները, հակառակ դեպքում մեր գործողությունները կլինեն անցանկալի՝ կիրականացվեն օպերատիվ հետախուզական և հետաքննչական աշխատանքներ: 
Մեր ուշադրության կենտրոնում է նաև դեղերի շուկան: Այդ դաշտը մեզ համար պետք է լինի կառավարելի և խիստ վերահսկողության տակ»,- ասել է Գագիկ Խաչատրյանը: 
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ՝ առողջապահական բուժհիմնարկներում անցկացված ստուգումներով արձանագրվել են հարկերից խուսափելու ակնհայտ դեպքեր: «Հիմնական շեշտը դրել ենք չափագրումների ինստիտուտի վրա, որպեսզի պարզենք հիմնարկների շրջանառությունները: Հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրվել է 95 հանձնարարագիր, որոնցից 15-ի մոտ ներկայացված շրջանառության նվազագույն շեղումն իրականությունից կազմում է 40 տոկոս: Դեպքեր կան, երբ նկատվում է օրական շրջանառության 80-90 տոկոսի տարբերություն: 
Միաժամանակ, ուսումնասիրված կազմակերպությունների շրջանառությունները և հարկային ցուցանիշները չեն համապատասխանում երկրի տնտեսական ընդհանուր աճին, իսկ կազմակերպությունների 50 տոկոսը ներկայացնում է, թե վնասով է աշխատում»,- ընդգծել է Արմեն Ալավերդյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունները միշտ չէ, որ հաշվառվում են, չեն տրամադրվում նաև ՀԴՄ կտրոններ: «Միշտ չէ նաև, որ հայտարարագրվում են իրական աշխատավարձերը, ոլորտում առկա են վարձատրման ստվերային երևույթներ, իսկ առանձին դեպքերում բժիշկներն իրենց մատուցած ծառայությունների մի չնչին մասի համար են վարձատրվում, ինչի հետևանքով աշխատավարձերի սոցվճարները և եկամտահարկը ցածր են լինում», - նկատել է Ալավերդյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը