Աշխարհ

10.06.2009 12:48


ՆԱՏՕ–ին անդամակցելու դեպքում ի՞նչ է շահելու Ադրբեջանը։

ՆԱՏՕ–ին անդամակցելու դեպքում ի՞նչ է շահելու Ադրբեջանը։

Վերջին շրջանում աշխուժացել են լուրերը, թե հաջորդ տարի Ադրբեջանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «EurasiaNet»-ը, հղում կատարելով ՆԱՏՕ -ի հրամանատարության բարձրաստիճան աղբյուրին, նշում է, որ մոտ ապագայում ՆԱՏՕ -ին անդամակցելու Ադրբեջանի շանսերն ավելի մեծ են, քան Վրաստանինն ու Ուկրաինայինը։ Մինչ այդ, արևմտյան բոլոր վերլուծաբանները միաբերան նշում էին, թե Վրաստանն առաջինը կմտնի հյուսիսատլանտյան դաշինք, որից հետո նրան կհաջորդի Ադրբեջանը։ Մինչ «EurasiaNet»-ի տարածած այս տեղեկությունը՝ ադրբեջանական լրատվամիջոցները գնալով ավելի համարձակ բարձրաձայնում էին, թե ՆԱՏՕ -ին անդամակցելը սարերի հետևում չէ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Խոսքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտության մասին էր։ Սակայն այդ լուրերն ավելի շատ հիշեցնում էին տեղեկատվական հնարք, քան քիչ թե շատ հիմնավորում պարունակող տեղեկատվություն։ Սակայն այս անգամ տեղեկատվական հոսքերը գալիս են Բրյուսելից. «Իրավիճակը փոխվել է, և հաջորդ տարի ՆԱՏՕ մտնելու առաջին ամենահավանական թեկնածուն Ադրբեջանն է»,- գրում է «EurasiaNet»-ը։ Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը, և ի՞նչն է փոխվել։ Հասկանալի է, որ խոսքը «Նաբուկո» և Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարների մասին է, որոնցում Ադրբեջանի լուրջ մասնակցություն է նախատեսված։ Այս տարի Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ հասցրել է լինել Բրյուսելում։ Որպես այցելության նպատակ՝ նշվում էին հենց «Նաբուկո»-ի կառուցման հետ կապված հարցերը։ Այսօր ավելի ակնհայտ է դառնում, որ զուգահեռաբար քննարկվել է նաև ՆԱՏՕ -ի կազմում Ադրբեջանի ընդգրկվելը։ Ավելորդ չէ հիշել, որ Բրյուսել ուղևորվելուց առաջ Իլհամ Ալիևը Ռուսաստանում քննարկում էր նույն «Նաբուկո»-ի հարցը։ Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ ամեն կերպ փորձում է խոչընդոտել դեպի Եվրոպա այլընտրանքային գազատարի կառուցումը՝ հայտարարելով, թե պատրաստ է կասպյան գազը գնել շուկայական գներով։ Հասկանալի է նաև, որ երկու ուղղությամբ տարվող այս «առևտրում» Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած հնարավորություն՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործիքներն իր օգտին գործադրելու համար։ Եթե «EurasiaNet»-ի տեղեկությունը քիչ թե շատ համապատասխանում է իրականությանը, ապա ստցվում է, որ Ադրբեջանը կողմնորոշվեց դեպի Արևմուտք, և Ռուսաստանը ոչնչով չի կարող խոչընդոտել վերջինիս ՆԱՏՕ մտնելուն։ Ի՞նչ է տալու Ադրբեջանին ՆԱՏՕ -ին անդամակցելը։ Վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ առաջին հերթին կբարդանան Ադրբեջան-Իրան հարաբերությունները։ Շատ ավելի հետաքրքիր կլինի այն, թե ինչպե՞ս է Ադրբեջանն իրեն պահելու ՀԱՊԿ- ՆԱՏՕ բացահայտ հակազդեցության պայմաններում։ Ի դեպ, նախատեսվում է, որ հունիսի 14-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հերթական նստաշրջանում կստորագրվի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին պայմանագիրը։ Փաստորեն, ՆԱՏՕ -ին անդամակցելու դեպքում Ադրբեջանը հայտվելու է եռակի ճնշման տակ՝ Իրանի, Հայաստանի, որը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանի։ Այս առումով, Տարասովը նշում է, որ որպես ՆԱՏՕ -ի անդամ՝ Ադրբեջանը վերջնականապես պետք է զիջի Ղարաբաղը։ «Այնպես որ, ՆԱՏՕ -ին անդամակցելու հարցում Ադրբեջանը պետք է լավ մտածի, նոր միայն կայացնի համապատասխան որոշում»,-գրում է ռուս վերլուծաբանը։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը