Լրահոս

11.10.2012 18:10


Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Հոկտեմբերի 10-14-ը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը կրկին իր ցուցադրական տարածքում կհամախմբի աշխարհի խոշորագույն հրատարակչական ընկերություններին, տարբեր երկրների տպագրական մշակույթի ներկայացուցիչներին ու պատվիրակություններին: Արդեն ավանդաբար եվրոպական խոշորագույն ցուցահանդեսին ներկայանալի տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայկական տաղավարը եվրոպացի ընթերցողներին է ներկայանում նոր գրահրատարակչական ծրագրերի ու նորատիպ գրքերի շնորհանդեսների հագեցած ծրագրով:

Հայաստանն այս տարի մասնակցում է երկու `մեր երկիրը  ներկայացնող հիմնական և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տաղավարներով: Այսուհետև  ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ ցուցահանդեսի տնօրինությունն անվճար տաղավար է հատկացնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կրող բոլոր քաղաքներին, որի պատվին առաջինն արժանացել է Երևանը:

Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը բազմաբնույթ միջոցառումներով ու շնորհանդեսներով կնպաստի հայ գրքի քարոզչությանը: Տոնավաճառի այցելուների գնահատմանը կներկայացվի վերջին տարիներին Հայաստանում և առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Տեղի կունենա առանձին միջոցառում «Ժամանակակից գրականությունը Հայաստանում և հայերի մասին» խորագրով, որում, ի թիվս այլ գրքերի, կներկայացվի հայ-գերմանական համագործակցության արդյունքը` «Արդի հայ պոեզիա» գերմաներեն և «Վերջապես անցան սառը օրերը» հայերեն-գերմաներեն ժողովածուները, «Արդի հայ պոեզիա» ֆրանսերեն և «Արդի հայ արձակ» անգլերեն ժողովածուները, ինչպես նաև` Արցախի պատմությունն ու մշակութային համապատկերը ներկայացնող նոր հրատարակությունները, այդ թվում Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն պատկերագիրքն և «Արցախ` հայ արվեստի ու ավանդույթների պարտեզ» երկլեզու (ֆրանսերեն,անգլերեն) գիրքը: Միջոցառմանը կմասնակցի նաև Գերմանիայի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. իրականացվող միջոցառումներ և հրատարակվող գրքեր» միջոցառման ընթացքում կներկայացվեն «Գրական տապան» հայաստանյան գրական փառատոնն  ու  «City Books» նախագիծը: «Գրական տապանը», որն այս տարի հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում տեղի է ունենում երրորդ անգամ, գրական փառատոն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանում գրողներ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցում գրական քննարկումների, ընթերցումների, շրջագայում Հայաստանով և վերադարձից հետո գրում տպավորություններ Հայաստանի և իրենց ուղևորության մասին: Ֆրանկֆուրտի միջազգային տոնավաճառում փառատոնի եվրոպացի մասնակիցների հետ միասին տեղի կունենա «Գրական տապան-2011» ժողովածուի շնորհանդեսը, կներկայացվի «Գրական տապան-2012»-ի  ծրագիրը: Փառատոնի մասնակից հայագետ Հերբերտ Մաուրերը կներկայացնի նաև հայ գրականության գերմաներեն անթոլոգիայի նախագիծը: Այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և Հայ գրատապության 500-ամյա տոնակատարության առիթով եվրոպական «Դե Բյուրեն » կազմակերպությունն իր ամենամյա «City Books» («Գրքերի քաղաք») նախագիծը նվիրել է Երևանին: Այն գրական ձեռնարկ է, որը բազմազգ հեղինակների պատմվածքների, էսսեների կամ պոեմների համար տրամադրում է ստեղծագործական հարթակ ու միջազգային բազմամիլիոնանոց լսարան, քանի որ յուրաքանչյուր citybook ներկայացնում է մեկ քաղաք և այն հասանելի է որպես 30 րոպեանոց  համացանցային տեքստ, ինտերնետային գիրք և աուդիո գիրք հոլանդերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Երևանին նվիրված այս տարվա«City Books»-ը բաղկացած կլինի երկու եվրոպացի և 3 հայ գրողների, ինչպես նաև մեկ լուսանկարչի ստեղծագործություններից, որոնցով էլ 2013 թվականին լույս կտեսնի «Սիթիբուքս Երևան» ժողովածուն:

Տաղավարում բացառիկ նորույթ կլինի «Տես քեզ հայերեն» նախագծի ներկայացումը: Այն ուղղված է հայերեն այբուբենի հանրայնացմանը և հայերեն տարբեր տառատեսակների օգտագործմամբ պատկերում է հայ և այլազգի  հայտնի մարդկանց դեմքերը: Այդ պատկերներով ձևավորված կլինի նաև ամբողջ տաղավարը: Նախագծի հեղինակ Առնո Կուռը հենց հայակական տաղավարում կպատրաստի այցելուների դիմանկարները հայերեն տառերով:

Ցուցահանդեսի մասնակից հայ հրատարակիչները կունենան իրենց առաձին բաժինները հայկական տաղավարում: Հայաստանյան պատվիրակության կազմում բացի հրատարակիչներից, ընդգրկված են  նաև գրական գործակալներ,երիտասարդ գրողներ Հասմիկ Սիմոնյանը և Հովհաննես Թեքգյոզյանը:

Ֆրանկֆուրտի տոնավաճառին մասնակցության ծրագիրը կեզրափակվի հայկական համայնքի հետ մեր պատվիրակության հանդիպումով, որի ժամանակ համայնքին կներկայացվեն տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումները և հրատարակչական նախագծերը:

Այս խորագրի վերջին նյութերը