Լրահոս

11.10.2012 00:29


Դատարանը հերթական անգամ կոծկեց իրավապահ մարմինների անօրինական գործողությունները

2012թ. հոկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը:

Կազմակերպությունը պահանջում է վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 17-ին՝ գիշերը 23:30-00:00-ի սահմաններում,  ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին, իբր նա ականատես է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Նարեկը ցանկացել է իր հեռախոսից զանգահարել, որպեսզի օգտվի փաստաբան ունենալու իրավունքից, և փաստաբանը ներկա լինի հարցաքննությանը: Սակայն նրան արգելել են և պահանջել, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի և հրաժարվել է բացատրություն տալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները սկսել են հայհոյել և հարվածել նրան: Ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անօրինական գործողությունները, հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը տևել է շուրջ 5 ժամ, որից հետո չդիմանալով ճնշումներին՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել: Նարեկ Ափինյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշումները շարունակվել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո: Այս մասին Նարեկ Ափինյանը գրավոր դիմում է ներկայացրել նախաքննությունն իրականացնող մարմնին, որը նույնպես անտեսվել է դատարանի կողմից:

            Չնայած այս ամենին, դատարանը` դատավոր Մ. Մարտիրոսյանի նախագահությամբ, հերթական անգամ կոծկելով քննիչի անօրինական գործողությունները, նպաստեց դատական իշխանության հեղինակազրկմանը և դատարանների նկատմամբ քաղաքացիների անվստահության խորացմանը:

 Դատարանի կողմից կայացված որոշումը կազմակերպությունը դեռևս չի ստացել: Այն կհրապարակվի ստանալուց անմիջապես հետո:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը