Լրահոս

10.10.2012 14:54


ՊԵԿ–ը ապօրինություններ է բացահայտել

ՊԵԿ–ը ապօրինություններ է բացահայտել

Հայաստանի ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի գործունեության մի քանի դեպք՝ ստվերի դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունքում:

ՊԵԿ հետաքննիչների եւ օպերատիվ հետախույզների համատեղ ջանքերով բացահայտվել է, որ քաղաքացի Էմին Ղոչիկյանն իրեն պատկանող շինություններն ապօրինաբար օգտագործել է իբրեւ հանրակացարան: Ամիսներ շարունակ նա վարձակալության է տվել Երեւանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող 2 շինությունների 25 ննջասենյակները` չվճարելով հարկեր:

Հայտնաբերվել է նաեւ, որ հարկման դաշտից դուրս է գործել «Էրզրում-97» ՍՊԸ-ն` Արշակունյաց փողոցում զբաղվելով ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքով եւ ավտոտեխսպասարկմամբ` ամբողջովին չներկայացնելով հարկվող շրջանառությունը: Ավելին, ընկերության տնօրենը գրեթե մեկ տարի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Գալակտիկա» ռեստորանահյուրանոցային համալիրում ապօրինաբար զբաղվել է նաեւ հանրային սննդի եւ հյուրանոցային տնտեսության գործունեությամբ, որի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել հարկային տեսչություն:

Առանց պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման հանրային ծառայություն է մատուցել նաեւ քաղաքացի Կարեն Ղարիբյանը: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարեւանությամբ գտնվող տարածքում Ղարիբյանն իրականացրել է հանգստի գոտու, հանրային սննդի կազմակերպում, մատուցել նաեւ այլ ծառայություններ:

Սնանկ ճանաչվելը չի խանգարել «Յուրշին» ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը  Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սեւ տուֆ հանելու, մշակելու եւ իրացնելու գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը