Լրահոս

10.10.2012 13:15


Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը

Բացահայտվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրիչ գործունեության փորձը

Ս/թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 33-ամյա Զամիրժոն Օտաժոնովը, որը հայտնել է, թե պատրաստ է 20 հազ.ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է  իրեն վճարել կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ մարմիններին դիմել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, և նրա գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի այս քայլերը նպատակ են հետապնդել միջազգային տարբեր ատյաններում և ԶԼՄ-ներում իրականացվող հակահայկական քարոզչությունում Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ կազմակերպող և հովանավորող երկիր:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան ուղարկելը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու ու հերոսացնելու պատճառով քաղաքական դժվարին իրավիճակում հայտնվելու ժամանակաշրջանում:


Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին` միջազգային հանրության շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը բազմիցս հայտարարել և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի և դատապարտելի է, սակայն այդուհանդերձ՝ ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:

Այս խորագրի վերջին նյութերը