Կարծիք

10.10.2012 11:11


Երկու կոնգրեսականներ պայքարում են ամերիկահայերի ձայների համար

Երկու կոնգրեսականներ պայքարում են  ամերիկահայերի ձայների համար

Սա երկրորդ մասն է երկու դեմոկրատ կոնգրեսականներ Հովարդ Բերմանի և Բրեդ Շերմանի միջև ծավալված բանավեճի, որը կայացել էր Էնսինո քաղաքի Ֆերահյան դպրոցի Ավետիսյան դահլիճում սեպտեմբերի 29-ին: Բանավեճը կազմակերպել էր Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

 Կոնգրեսական Շերման. «Մենք պետք է ճանաչենք Ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի համար, ոչ միայն Ամերիկայի համար, այլև թուրքական պետության համար, որը երբեք ժամանակակից պետություն չի դառնա, քանի դեռ չի առերեսվել իր սեփական պատմության հետ»: Դատապարտելով Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանություն եզրույթը դժկամորեն կիրառելու համար, կոնգրեսական Շերմանն ասաց. «Սա ի՞նչ գերտերություն է, որ դողդողում է պատմության առաջ: Սա ի՞նչ գերտերություն է, որ անհանգստանում է Թուրքիայի սպառնալիքներից: Ամբողջ աշխարհում տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ ժամանակն է, որ Կոնգրեսը նույնչափ քաջություն ցուցաբերի»:

 Ի պատասխան այն հարցին, թե ինչ կանեն երկու կոնգրեսականները Իսրայելի նման Ամերիկայի դաշնակիցներին քաջալերելու համար, որպեսզի նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կոնգրեսական Բերմանը հայտարարեց, որ «հանդգնություն է մի պետության համար, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սկսել թելադրել այլ պետությունների, թե նրանք ինչ պետք է անեն: Ուստի, նախ՝ պետք է այս [ցեղասպանության] բանաձևը անցկացնել, և  մղել ու համոզել գործադիր իշխանությանը՝ նեցուկ կանգնել նրան, ինչ Կոնգրեսն է ընդունել, և հետո, դուք ցանկանում եք այն վերածել միջազգային համաձայնության: Սակայն, մենք լրջորեն չենք կարող մի այլ կառավարության ասել, թե նրանք պետք է որևէ բան անեն, որը մենք դեռևս չենք արել….»:

 Կոնգրեսական Շերման. «Ես հպարտանում եմ, որ Երուսաղեմի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. հպարտանում եմ, որ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը ևս նույնն է արել: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով, սակայն ես համարձակվում եմ իմ իսրայելցի ընկերներին կոչ անել ավելի շուտ ճանաչել այն՝ նույնիսկ մինչև մենք դա կանենք: Նաև, Իսրայելի քաղաքականությունը մի փոքր տարբեր է: Այստեղ, դեռևս պատրանքներ են տածում, որ Թուրքիան ամերիկյան կարևոր դաշնակից է: Իսրայելում այդ պատրանքները քիչ թե շատ վերջերս փշրվեցին, այդ իսկ պատճառով մի օր կհայտնաբերենք, որ Իսրայելը կարող է կանխել Միացյալ Նահանգներին՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Եվ, հաշվի առնելով Իսրայելի պատմությունը, ինչպես նաև հրեա ժողովրդի պատմությունը, կարծում եմ, որ շատ կարևոր մի բան է դա անել: Ուստի, ես օրինակ, չեմ համարում, որ մենք պետք է սպասենք Իսրայելին կոչ անելու համար, որ մեզանից առաջ անցնի, այլ պետք է ինքներս մեզ ոգևորենք՝ հնարավորինս արագ առաջ շարժվելու համար»:

 Բանավեճը վարող Հարութ Սասունյան. «Ի գիտություն, կցանականայի որոշ պարզաբանումներ անել ձեր երկուսի տված պատասխանների առնչությամբ: Նախքան Իսրայելին խուսավարելու հնարավորություն ընձեռելը, որ սպասի այս հարցի վերաբերյալ մեր որոշում կայացնելուն, կարծում եմ, լավ կլինի հիշել, որ երկու անգամ՝ 1975 և 1984 թվականներին, Ներկայացուցիչների պալատը` լիագումար նիստերում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր է ընդունել: Ուստի, Իսրայելը ստիպված չէ սպասել, որ Ամերիկան դա առաջինը կանի: Մենք երկու անգամ արդեն ճանաչել ենք, այնպես որ այդ ընթացքում նրանք կարող են առնվազն մեկ անգամ անել դա»: 

 Կոնգրեսական Բերման. «Պատմական նկատառումներից ելնելով Իսրայելը պետք է ճանաչի, հատկապես Իսրայելը պետք է դա անի»:

 Կոնգրեսական Շերման. Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը «որովհետև դա բարոյական է ու ճիշտ, նաև, քանի որ առկա է պատմական փաստը»: 

 Այն հարցին, թե՞ արդյոք Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի վարձակալության համար վճարել թուրքական կառավարությանը՝ բռնազավթված հայկական տարածքների վրա տեղակայված Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաօդային բազայի համար, այլ այդ գումարները վճարի հայազգի սեփականատերերի ժառանգներին, կոնգրեսական Շերմանը հայտարարեց. «Ես անհամբեր սպասում եմ այնպիսի արտաքին քաղաքականության մշակման, որտեղ մենք ավելի քիչ կախվածություն ունենանք Թուրքիայում տեղակայված բազաներից, որովհետև տեսնում եմ, որ նրանք փորձում են քարոզչություն ծավալել Պենտագոնում և  Կոնգրեսում՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար՝ հիմնվելով այն տեսության վրա, որ «Օ՜, դուք մեր բազաների կարիքն ունեք»: Մենք կարող ենք և պետք է աշխատենք Հարավարևելյան Ասիայի ՆԱՏՕ-ի մեր այլ դաշնակիցների հետ` այնպիսի բազային կառուցվածք ունենալու համար, որը չի պահանջում վարձակալության գումարներ վճարել թուրքական պետությանը…. Սակայն, քանի դեռ մեր բազան այդ հողերի վրա է, այն դառնում է մի հիանալի փաստարկ՝ հայկական պետությանը լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար, քանի որ մենք այդ տարածքների վրա ենք»:

 Կոնգրեսական Բերման. «… Կոնգրեսում հնչած հայտարարություններից մեկն ընդդեմ Ցեղասպանության բանաձևի հետևյալն է «Օ՜հ, թուրքերը մեզ դուրս կքշեն Ինջիրլիքից»: Թուրքերը մեզ Ինջիրլիքից վռնդելու մտադրություն չունեն: Նրանք ուզում են, որ մենք այնտեղ լինենք, նրանք բուռն փափագ ունեն, որ մենք այնտեղ լինենք: Սա մի ծխածածկույթ է: Սա մի առարկություն է, որով թուրքական դիրքորոշումը սատարող մարդիկ վախեցնում են Կոնգրեսին` մտածել տալով, որ մեծ վտանգներ կլինեն մեր ազգային անվտանգության համար»:

   (շարունակելի)

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

Այս խորագրի վերջին նյութերը