Լրահոս

10.10.2012 11:00


Հարկադիր կատարողների գործն ուղարկվեց դատարան

Հարկադիր կատարողների գործն ուղարկվեց դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական անփութություն դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Շախկուլյանը, աշխատելով ՀՀ արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. օգոստոսի 11-ի ԼԴ/0212/02/10 կատարողական թերթի հիման վրա քաղաքացի Վ. Հովհաննիսյանից 249 766 դրամ հօգուտ բանկի բռնագանձելու նպատակով վերջինիս շարժական գույքի, այդ թվում` կահույքի, ավտոմեքենայի եւ այլ գույքերի առկայության պայմաններում բռնագանձումը տարածել է սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանի վրա: Ընդ որում՝  7 289 000 դրամ գնահատվելու պարագայում  բնակարանը 2012թ. սեպտեմբերի 1-ին հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացրել է ընդամենը 3 278 061 դրամով, որով էական վնաս է պատճառվել անձի օրինական շահերին՝ քաղաքացուն զրկելով բնակարանից՝  այդպիսով առաջացնելով  ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզայի բաժնի պետ  Ա.Հարությունյանը դրսեւորել է անփույթ վերաբերմունք իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը եւ պատշաճ հսկողություն չի սահմանել բաժնում հարուցված վերոհիշյալ կատարողական վարույթի գործողությունների նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Շախկուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: 

Այս խորագրի վերջին նյութերը