Լրահոս

09.10.2012 16:48


Լավանդայի Արայիկը ցանկանում է ստեղծել ամենատարբեր տրամաչափի գործարարների կուսակություն

Լավանդայի Արայիկը ցանկանում է ստեղծել ամենատարբեր տրամաչափի գործարարների կուսակություն

Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, ցանկանում է ստեղծել ամենատարբեր տրամաչափի գործարարների կուսակություն: Իր այս մտադրությունը Հայրապետյանը հայտնել է «Yerkir.am»-ի հետ զրույցում և նշել, որ իրենց նպատակը խորհրդարան անցնելը չէ:

«Մեր նպատակն է, որ բոլորս հավաքվենք մեր դարդ ու ցավերով: Մենք ունենք շատ չլուծված խնդիրներ և կփորձենք դուրս գալ այդ խնդիրներից»,–հայտարարել է Հայրապետյանը:

Այն դիտարկմանը, որ եթե անգամ անցնեն խորհրդարան, այդ դեպքում էլ չեն կարող զբաղվել գործարարությամբ` օրենքը թույլ չի տալիս, Հայրապետյանը համաձայնել է, բայցև նշել, որ հնարավոր է`  հետագայում «ռեալ քաղաքականությամբ զբաղվողներից մեկին գործուղեն ԱԺ, որ իրենց ձայնը լսելի լինի»:

Հարցին, թե ինչպե՞ս նման միտք հղացավ, Հայրապետյանը պատասխանել է, որ ցանկանում է «մեր երեխաներին թողնել ավելի հստակ և կոնկրետ անելիքներ»: Նա նշել է, որ այս պահին դեռ նախաձեռնող խումբ է ձևավորվում, փաստացի կուսակցությունը կստեղծվի փոքր-ինչ ուշ:

Թե ո՞ր գործարարներն են ցանկություն հայտնել ընդգրկվել այդ կուսակցությունում, Հայրապետյանը չի նշել. պայմանավորվածություն կա:

«Մենք աշխատելու ենք շատ բաց, անգամ մտածել եմ, որ մեր կուսակցության գրասենյակը լինելու է ապակեպատ տարածք, ուր չեն լինելու կաբինետներ, եթե եղավ 1000 հատ սեղան, 1000-ն էլ պետք է շարվեն իրար կողքի: Կուսակցության նախագահը տարին մեկ` ռոտացիոն կարգով է ընտրվելու»,–հայտարարել է Հայրապետյանը:

Կուսակցության անդամները թիվը հարյուր հազար չի լինի: 

«Հազարների մասին է խոսքը»,–նշել է նա և ընդգծել, որ գործարարը միայն նա չէ, ով ունի միլիոնավոր դոլարներ, այլ նա, ով ունի 3 աշխատող:

Հայրապետյանը հայտնել է նաև, որ հենց երեք և ավելի աշխատողներ ունեցող գործարարներից սկսած էլ կարող են անդամագրվել ապագա կուսակցությանը: Կուսակցությանը չեն կարող անդամագրվել գործարարների աշխատողները:

Վերջում Հայրապետյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ անկախ իր կամքից՝ գործարարը չի կարող  քաղաքականությամբ չզբաղվել:

Այս խորագրի վերջին նյութերը