Լրահոս

08.10.2012 17:13


Դադարեցնե՛լ լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումը

Դադարեցնե՛լ լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումը

Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական մրցակցային ընտրությունները արժանացան միջազգային հանրության լռելյան և մի շարք հեղանակավոր կազմակերպությունների ու անհատների հրապարակային դրվատանքին: Առաջիկայում, սակայն, մենք կարող ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին քննադատող հայտարարությունների և հրապարակումների: Պատճառը լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է, որին, ինչպես այլ դեպքերում, տրվում է քրեական երանգ: Հայկ Խանումյանը դեռևս  Ստեփանակերտում մնացած այն լրագրողներից է, ով պարբերաբար անկաշկանդ  քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, վեր հանել մի շարք հոռի երևույթներ: Այսօր Հայկ Խանումյանին նստեցրել են մեղադրյալի աթոռին, որովհետև այն ինչ գրում է նա հաճելի չէ իշխանության տարբեր ներկայացուցիչների համար:

Լեռնային Ղարաբաղի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հարցազրույցներում պնդում են, թե Հայկ Խանումյանը իր կնոջ ներկայությամբ ծեծել է Արցախի պետական համալսարանի ռեկտորի տեղակալին: Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության մեղադրանքով: Իրականում, սակայն, հետևողական և սուր հոդվածներով հայտնի Հայկ Խանումյանի հանդեպ իրականացվել է սադրանք այն բուհի ղեկավարության կողմից, որտեղ ժամանակին դասավանդել է նաև Հայկը: Դատավարությունը ընթացքի մեջ է: Լրագրող Հայկ Խանումյանը կարող է դատապարտվել մինչև երկու տարվա ազատազրկման:

Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորում ենք դադարեցնել լրագրող  Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումները և կարճել քրեական գործը: Դա բխում է և´ չճանաչված Արցախի, և Հայկ Խանումյանի, և հայ լրագրության շահերից:

Ստորագրողներ

Էդիկ Բաղդասարյան, «Հետք» (www.hetq.am) էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ

Կարեն Հարությունյան, Սիվիլնեթի (www.civilnet.am) խմբագիր

Վահան Իշխանյան, գրող և լրագրող (http://vahanishkhanyan.wordpress.com)

Մարատ Յավրումյան, «Օրակարգ» (www.orakarg.am) օրաթերթի պատասխանատու խմբագիր

Հայկազն Ղահրիյան, «Լրագիր» (www.lragir.am) էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր

Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ

Արթուր Սաքունց - Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ:

Թաթուլ Հակոբյան, լրագրող

 

Այս խորագրի վերջին նյութերը