Լրահոս

08.10.2012 10:26


Բաց նամակ ՀՀ և ԼՂՀ վարչապետներին

Բաց նամակ ՀՀ և ԼՂՀ վարչապետներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյանին և

Արցախի Հանրապետության վարչապետ

Ա. Հարությունյանին

«Հանուն կյանքի» նախաձեռնությունից

 Բաց նամակ

Հարգարժա՛ն պարոնայք վարչապետեր,

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որում իր մեղքի բաժինն ունի նաև հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավականին բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: 2011 թ. Վիճակագրությամբ ՀՀ-ում հղիությունների 21.6 տոկոսը ավարտվել է արհեստական ընդհատմամբ՝ կորցնելով 11,963 երեխայի կյանք: Իսկ ահա Արցախի Հանրապետությունում ընդհանուր հղիությունների 28.4 տոկոսն է ավարտվել արհեստական ընդհատմամբ՝ 1,026 դեպքով: Ուշագրավ է, որ դրանք միայն պաշտոնական թվեր են, որոնք չեն ներառում  տարբեր գնահատականներով զգալի թիվ կազմող չվերահսկվող դեպքերը:

Հաշվի առնելով վերոնշյալ մտահոգիչ տվյալները մեր ժողովրդագրության համար, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատում կատարող կանանց առողջությանը հասցվող լուրջ (ոչ քիչ դեպքերում նաև մահացու) հետևանքները և խնդրի բարոյական տեսանկյունը՝ կոչ ենք անում Ձեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի մակարդակը իջեցնելու վրա: Որպես առաջնահերթ կարճաժամկետ գործիքներ՝ Ձեզ առաջարկում ենք կատարել հետևյալ քայլերը՝

1.    ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաև այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:

2.    ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ:

Համոզված լինելով, որ վերոնշյալ քայլերի իրագործումը մեծ ջանքերի ու ռեսուրսների հետ չէ կապված՝ ակնկալում ենք դրանց հնարավորինս արագ իրագործում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով Ձեզ կոչ ենք անում ստեղծել այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողովներ, որոնք կմշակեն և կյանքի կկոչեն հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազման գործողությունների ռազմավարական ծրագրեր:

 «Հանուն կյանքի» նախաձեռնություն

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը