Լրահոս

08.10.2012 09:54


Վարդան Ղուկասյան. «Հիմա չեն եկել, չեն եկել. ի՞նչ անենք»

Վարդան Ղուկասյան. «Հիմա չեն եկել, չեն եկել. ի՞նչ անենք»

Գյումրիում երեկ քաղաքի օրվա  կապակցությամբ տոնական միջոցառումների շրջանակներում  բացվել է  Պոլոզ Մուկուչի արձանը: Միջոցառմանը ներկա էր նաև դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին։

Ղուկասյանը նշել է, որ չի պատրաստվում հեռանալ Գյումրուց և բիզնեսով է զբաղվելու։ Հարցին՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաներ չէի՞ն հրավիրվել այդ միջոցառմանը, լրագրողների զրուցակիցը պատասխանել է, որ հրավիրվել էին, սակայն պատասխան հարցադրմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ ոչ ոք չի եկել,  Ղուկասյանը պատասխանել է.

–Սա գյումրեցիների տոնն է, իրենք պետք է ուրախանան: Հիմա չեն եկել , չեն եկել. ի՞նչ անենք:

Տարածվում են լուրեր, թե Գյումրու քաղաքապետը, ում շուտով պաշտոնապես կփոխարինի ընտրված նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ժամանակից շուտ է վայր դնելու իր լիազորությունները, թեև առանց այդ էլ առանձնապես կառավարման օրեր չեն էլ մնացել։ Լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հիշյալ հանգամանքը, Ղուկասյանն արձագանքել է հետևյալ կերպ.

 –Դուք այդ մասին ավելի լավ գիտեք, ինձ թվում է: Ինչ արին, սաղ լրագրողներն արին, մի քիչ որ քիչ ինտրիգներ անեիք, էսպես չէր լինի, ես ասել եմ ու կկրկնեմ, որ լրագրողները սատանեք են։

Անդրադառնալով նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ղուկասյանն ասել է.

–Ես ուզում եմ ասել, որ էս էկող քաղաքապետին շնորհավորում եմ, Աստված թող իմացություն տա, եթե իմ կարիքը զգա, պատրաստ եմ աջակցելու, ոնց որ եղել եմ բարեգործ, նույնը լինելու եմ հիմա: Շնորհակալություն, Աստված բոլորիս պահապան։

Այս խորագրի վերջին նյութերը