Լրահոս

09.06.2009 20:17


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կօժանդակի Հայաստանում ֆրանսերեն լեզվի իմացության բարձրացմանը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կօժանդակի  Հայաստանում ֆրանսերեն լեզվի իմացության բարձրացմանը

 

Հունիսի 9-ին ՀՀ արտգործնախարարությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի (կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը հուշագիրը ստորագրել էր Փարիզում) ներկայացուցիչ Ստեֆան Լոպեզի և Հայաստանում հավատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների դեսպանների ներկայությամբ ստորագրեցին Հայաստանի պաշտոնյաների ֆրանսերեն լեզվի վերապատրաստման ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը:

Հուշագրով նախատեսվում է 3 տարվա ընթացքում վերապատրաստել 50 հայ պաշտոնյաների' դասընթացների միջոցով կատարելագործել նրանց ֆրանսերեն լեզվի գիտելիքները: Ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիական հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի օժանդակությամբ:

Նման հուշագիր ստորագրվել է ՖՄԿ անդամ 17 պետությունների հետ, որոնցից 15-ը Եվրոպական Միության անդամ երկրներ են:  

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ ղեկավարությանը և ծրագրի իրականացմանն օժանդակող պետությունների իշխանություններին  Էդվարդ Նալբանդյանը  նշեց, որ 2008թ. կազմակերպության ասոցիացված անդամ դառնալուց ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերին:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի անունից ողջունելով հուշագրի ստորագրումը, Ստեֆան Լոպեզը նշեց, որ այս ծրագրով ՖՄԿ համագործակցությունը Հայաստանի հետ որակապես նոր մակարդակի է բարձրանում, ինչը լայն հնարավորություններ է բացում Ֆրանսախոս աշխարհի հետ հարաբերությունների բնագավառում: Նա հավելեց, որ ֆրանսերենը շարունակում է պահպանել իր դիրքերը միջազգային բեմահարթակում և մի շարք  միջազգային կազմակերպություններում հանդիսանում է պաշտոնական լեզու:

Այս խորագրի վերջին նյութերը