Լրահոս

06.10.2012 09:43


ՊԵԿ նախկին աշխատակիցը զբաղվել է հովանավորչությամբ

ՊԵԿ նախկին աշխատակիցը զբաղվել է հովանավորչությամբ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող կադրային բարեփոխումների արդյունքում 2012 թվականի հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ  հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Ռոմիկ Եսայանը, օգտագործելով կոմիտեի աշխատակից լինելու հանգամանքը, հովանավորչություն է իրականացրել վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանի նկատմամբ: Հարկային օրենսդրությունը շրջանցելու հարցում օգնության, նախկինում կուտակված հարկային պարտավորությունները մարելու, ինչպես նաև հարկերի վճարումից խուսափելու համար ելակետային տվյալների խեղաթյուրման խոստման դիմաց Եսայանը  ամիսներ շարունակ Ա. Գրիգորյանից պահանջել և ստացել է ամսական 230.000 դրամ: Ռ. Եսայանի առաջարկով պետական բյուջեի հանդեպ մոտ 830.000 դրամ հարկային պարտավորություններ կուտակած Ա. Գրիգորյանը, դադարեցնելով անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը, աշխատանքը շարունակել է Ռ. Եսայանին պատկանող «Վաչ Վար Տեքս» ՍՊԸ-ի միջոցով: Խարդախության փաստը բացահայտվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող հսկողության,  հարկային իրավախախտումների, ինչպես նաև ՊԵԿ համակարգի պաշտոնատար անձանց կողմից հովանավորչության դեպքերի հայտնաբերման  և դրանց դեմ պայքարի միջոցառումների  շրջանակներում:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ իրականացվող բարեփոխումների գործընթացին  խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված հետևողական քայլերը շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ:  Իսկ նմանատիպ փաստերի տիրապետելու դեպքում առաջարկվում է անհապաղ ահազանգել կոմիտեի թեժ գիծ` (060) 54 44 44 հեռախոսահամարով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը