Քաղաքական

05.10.2012 13:43


Քոքոբելյանի և Հովհաննիսյանի միջև պայմանավորվածություն եղել է. պնդում է Ռուբեն Հակոբյանը

Քոքոբելյանի և Հովհաննիսյանի միջև պայմանավորվածություն եղել է. պնդում է Ռուբեն Հակոբյանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պնդել է, որ Խաչատուր Քոքոբելյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև մանդատները վայր դնելու պայմանավորվածություն եղե՛լ է։

Ես ասում եմ՝ կա՛ պայմանավորվածություն,–այսպես է հակադարձել Ռ. Հակոբյանը լրագրողների դիտարկմանը, որ «Ազատ դեմոկրատներից» պնդում են՝ նման պայմանավորվածություն չի՛ եղել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ զարմացած է Խաչատուր Քոքոբելյանի պահվածքից, քանի որ իրենց մեջ պայմանավորվածություն է եղել խորհրդարանական ընտրությունից հետո մանդատները վայր դնել և ճանապարհ տալ երիտասարդներին, ինչը Քոքոբելյանը դեռևս չի անում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանն էլ «7օր»–ի հետ զրույցում պնդել էր՝ Քոքոբելյանի և Հովհաննիսյանի միջև նման պայմանավորվածություն չկա՛։

Փոխարենը՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակն առաջարկել էր սպասել Քոքոբելյանի վերադարձին, ով այս օրերին Հայաստանում չէ։

–Ճիշտ կլինի սպասենք՝ պարոն Քոքոբելյանը կվերադառնա, և թող նա պատասխանի։ Իսկ այն, ինչ ասել են «Ազատ դեմոկրատներ»–ի ներկայացուցիչները, միգուցե ուղղակի ինչ–որ բաներից տեղյակ չեն կամ էլ չեն հիշում,–«7օր»–ին ասել էր Հ. Խուրշուդյանը։

Նույնն այսօր առաջարկել է Ռ. Հակոբյանը՝ նշելով, որ երբ Քոքոբելյանը վերադառնա Հայաստան, պարզաբանումներ կհնչեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը