Լրահոս

05.10.2012 13:11


Բացահայտումներ դեղորայքի շուկայում. պետբյուջեին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դրամ

Բացահայտումներ դեղորայքի շուկայում. պետբյուջեին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դրամ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտեց դեղորայքի գծով պետգնումների ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Հիշեցնենք, որ առաջին փուլում՝ ընթացիկ տարվա հունիսին, հրապարակվել են պետգնումների շրջանակում բժշկական սպասարկում իրականացնող մի շարք հիվանդանոցների և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների վարքագծի ուսումնասիրությունները։ Արդյունքում բացահայտվեցին հակամրցակցային համաձայնությունների դեպքեր,  և պատասխանատվության միջոց կիրառվեց մի շարք ընկերությունների հանդեպ, իսկ դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով:
 
Մրցույթներ չհայտարարելու հետևանքով, հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից անհամեմատ թանկ գնով
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՏՄՊՊՀ-ը հրապարակեց ուսումնասիրության երկրորդ և վերջնական փուլի արդյունքները:  Այս փուլում Հանձնաժողովի դիտակետում եղել են մարզերում և մայրաքաղաքում գտնվող 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ավելի քան 300 ընկերություններ: Վերոնշյալ 134 բուժհաստատություններից շուրջ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց
մրցույթների անցկացման: Փաստորեն, վերջինները, խախտելով Գնումների մասին ՀՀ օրենքի պահանջները, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից պետք է դեղորայք գնեն: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով, հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային  «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ:

 1,5 միլիարդ դրամի վատնում՝ պետական միջոցներից

Վերոնշյալ խախտումների հետ կապված ՏՄՊՊՀ-ը բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք պատճառաբանել են, որ, իբր, տեղեկացված չեն եղել օրենքին: Նման պատճառաբանություններն անհիմն են, քանի որ վերջինները հստակ գիտակցել են, որ դեղորայքը գնում են շատ ավելի թանկ, քան այն իրականում արժե:Թեև խախտումներն առավելապես գտնվում են պետգնումների ոլորտում, սակայն իրավիճակը կարող է ազդել նաև մրցակցային դաշտի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից:
Լայնածավալ և բազմակողմանի ուսումնասիրության ընթացքում ՏՄՊՊՀ-ը հաշվարկել է, որ բուժհաստատությունների նման վարքագծի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է ավելի քան 1,5 միլիարդ դրամի վնաս, ընդ որում խոսքը վերաբերում է միայն առողջապահական հաստատություններին: Բնականաբար կան նաև այլ կառույցներ, որոնց ևս պետական միջոցներ են հատկացվում դեղորայքի գնման նպատակով:  
    Օրինախախտ բուժհաստատությունները  850 դրամանոց դեղը գնել են 4800-ով
Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Ավելին, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է  պետությունը: Օրինակ,սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են, ասենք, «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» և այլն:   

 Մրցույթների կազմակերպման առումով իրավիճակը վատ է հատկապես մարզերում

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների, խախտումներն առավելապես  գերակշռում են մարզերում, իսկ առավել վատթար վիճակ է հատկապես Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Բարվոք իրավիճակ չէ նաև Լոռու մարզում, որտեղ չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:

Իրավախախտների գործերը կքննեն իրավապահ մարմինները
 Չնայած խախտումներն իրենց մեջ պարունակում են մրցակցության սահմանափակման լուրջ տարրեր, այնուամենայնիվ դրանք  անմիջականորեն առնչվում են Գնումների մասին ՀՀ օրենքին։  Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն: ՏՄՊՊՀ-ը հետևողական կլինի գործի ընթացքին և եթե քննության ժամանակ ի հայտ գան միջև հակամրցակցային համաձայնությունների փաստեր, ապա Հանձնաժողովը խիստ տուգանքներ կկիրառի օրինախախտների հանդեպ:  

Այս խորագրի վերջին նյութերը