Լրահոս

04.10.2012 18:10


Օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակն է սահմանափակել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանման հնարավորությունը և խթանել դրա վերամշակումը Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ կառավարությունը քննության է առել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց կարծիքով գործող օրենքն ունի որոշ բացեր, որոնք և առաջարկվում է լրացնել։ Վկայակոչելով ոլորտի կարգավորմանն ուղղված եվրադիրեկտիվները` կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագծի` իր համար ընդունելի տարբերակը։
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների առաջարկած «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրինագիծը, որը նույնպես ներկայացվել է օրենսդրական նախաձեռնության կարգով։ Նշվել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այժմ ձեռնամուխ է եղել ԱԺ քննարկմանը ներկայացված համանուն նախագծի լրամշակմանը և սույն նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել ՀՀ մշակույթի նախարարության հետ` միասնական, լրամշակված և փոխհամաձայնեցված նախագծի ստեղծման նպատակով։ 
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու օրինագիծը, որը կոչված է կարգավորել այդ օբյեկտներին առնչվող իրավահարաբերությունները։ Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և առաջարկված խնդիրները լուծել ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիման վրա։
Գործադիրը քննության է առել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված նախագծի քննարկումն ու ընդունումը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին», «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին», «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի, «Եկամտային հարկի մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի վերաբերյալ։ 
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը