Լրահոս

09.06.2009 17:15


Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Գորդոնին

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆիլիպ Գորդոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Միացյալ Նահանգների վարչակազմի նորանշանակ պաշտոնյային եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը չափազանց կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը եւ բարձր է գնահատում մեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերը:

Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ երկրորդ շաբաթն է ինչ ստանձնել է պաշտոնը, եւ իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսում է Հայաստանից: Նա ասել է, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայումը, ինչպես նաեւ մեծ ուշադրությամբ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին:

Նախագահ Սարգսյանը եւ պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալի զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նշելով, որ սա պատմական հնարավորություն է, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե տարածաշրջանի շահերից, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը վերահաստատել է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին Միացյալ Նահանգների վարչակազմի անվերապահ աջակցությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը