Լրահոս

04.10.2012 14:15


ԱԳՆ շենքն օտարվեց. այն կդառանա հյուրանոց

ԱԳՆ շենքն օտարվեց. այն կդառանա հյուրանոց

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք (ներկայիս Արտաքին գործերի նախարարությունը) հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, այսուհետ՝ գնորդ):

Գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք. Երևան Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում։

Գնորդը պարտավորվում է նաև գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և արտաքին տեսքը:

Ներկայացնում ենք ԱԳՆ շենքն օտարելու մասին որոշումն ամբողջապես

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1 «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ` գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, այսուհետ՝ գնորդ):

2 Սահմանել.
1) գույքի գնահատված արժեքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 27-ի N209 որոշմամբ սահմանված կարգով` 2012թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ` 20 692 320 հազ. ՀՀ դրամ,
2) որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը, հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը ներառյալ, պայմանագրում նախատեսվում է պայմանագրի ստորագրմանը նախորդող օրվա դրությամբ 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին հավասար մեծություն, ներառալ գնի կազմում դրամական միջոցներով չվճարվող մասի նկատմամբ հաշվարկվող ԱԱՀ-ն:

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0.3928 հա բաժնային մասը կադաստրային արժեքով, որը կազմում է 235 680 հազ.դրամ:

4) որ Գույքը գնորդին ընդունման-հանձնման ակտով հանձնվում է վաճառքի գնի լրիվ վճարումները կատարելուց հետո, բայց ոչ շուտ քան սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի ծագումը:


3. Հայաստանի Հանրապետության կառավ արությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման 825 հազ.դրամ /ներառյալ ԱԱՀ/ վճարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում որպես հիմնական պայմաններ նախատեսելով, որ.

1) գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող`փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք. Երևան Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշման հավելվածի համաձայն նախկին սեփականատերերին տրամադրվելիք տարածքները ներառող մասնաշենքի), կապալառուներին վճարումներից առաջացած դեբետագրված ԱԱՀ-ն, իսկ պարտավորությունները չեն գերազանցի 100 հազար ՀՀ դրամը: Ընդ որում` բաժնետոմսերը հանձնվում են առանց շենքի սպասարկման համար էլեկտրաէներգիայի, գազի, խմելու ջրի ու կոյուղու, ֆիքսված հեռախոսակապի միացման պայմանագրերի կնքման և հաշվիչների ձեռք բերման:


2) գույքի վաճառքի գնից դրամական միջոցներով վճարվող մասը ենթակա է վճարման ք.Երևան, Վ.Սարգսյան հասցեում կառուցվող շենքի շինարարության ավարտից և «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում:

3) գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և արտաքին տեսքը:
4) Վաճառողը պարտավորվում է մինչև գույքի հանձնումը ապահովել վարձակալության ժամկետը լրացած վարձակալներից գույքի փաստացի ազատումը, որի խախտման դեպքում գույքի հանձնումից հետո այդ վարձակալներից տարածքի ազատման ուղղված գնորդի բոլոր ծախսերը հաշվանցվում են գույքի վաճառքի գնից:


5) Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 789.4 քառ. մետր մակերեսով տարածքի օգտագործող «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը թույլատրել վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը մինչև 08.12.2015 թվականը:


6) պայմանագրի գինը ենթակա է փոփոխության, ելնելով սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ ձևավորված` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված ԱՄՆ դոլար գումարի ՀՀ դրամի փոխարժեքից:

7) պայմանագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին:


4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գրավի պայմանագիր գնի վճարման պարտավորության կատարման ապահովման համար, գործարքի վավերացման և իրավունքների պետական գրանցման համար վճարներն ու տուրքերը կատարելով գնորդի հաշվին:

5) 5. Գնորդը պարտավոր է երկամսյա ժամկետում հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, վաճառքի գնի դրամական միջոցներով 3 տարի հետո վճարվող մասից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անունից ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկը /հաշվարկված վաճառքի գնի ոչ դրամական միջոցներով վճարվող մասի նկատմամբ 16,67 տոկոս դրույքաչափով/, մնացած գումարի 70 տոկոսը վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե:

Այս խորագրի վերջին նյութերը