Լրահոս

04.10.2012 09:20


Նոր աղմկահարույց միջադեպ թուրք–սիրիական սահմանին. կրքերը թեժանում են

Նոր աղմկահարույց միջադեպ թուրք–սիրիական սահմանին. կրքերը թեժանում են

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող սիրիական բանակի հրետանային կայանները, որոնցից արձակված արկերը հասել էին Թուրքիայի տարածք և դարձել 5 մարդու մահվան պատճառ: Այս մասին,  «ՌԻԱ  նովոստի»–ի փոխանցմամբ,  հաղորդում է  թուրքական «NTV»  հեռուստաալիքը:

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ այդ կառույցը «ամբողջությամբ աջակցում է Թուրքիային և  Սիրիայից պահանջում է անմիջապես դադարեցնել Անկարայի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողություն»։

Թուրք- սիրիական սահմանի մոտակայքում գտնվող Թել Աբիաթ սահմանային կետի համար պայքարը Սիրիայի կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում է։ Հենց այդ բախումների ընթացքում արձակված ռումբն էլ հատել է սահմանը՝ հասնելով թուրքական գյուղին։ Աքչաքալեի շրջանի ղեկավար Աբդուլհաքիմ Այհանը տեղեկացրել է, որ ռումբն ընկել է մի տան վրա։

Նշենք, որ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե թուրք-սիրիական սահմանին ահաբեկչության կամ այլ վտանգի դեպքում իրենք պատրաստ են դիմել ցանկացած քայլի:

Ավելացնենք, որ նշված միջադեպի կապակցությամբ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար  Պան Գի Մունը Անկարային կոչ է արել խուսափել Դամասկոսի հետ հարաբերությունների լարումից։

Թուրքական տարատեսակ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում կայացած արտակարգ հանդիպման ժամանակ գործողությունների զանազան տարբերակներ են քննարկվել, այդ թվում՝ Սիրիայի սահմանին ժամանակավոր անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ սցենարը:

Այս խորագրի վերջին նյութերը